Կարևոր իրադարձություններ

Ընկալման ու տեսողության փառերն է պետք քերել՝ «մգեցված ապակիների» հետ. «Փաստ»

01 Հունիս, 2023 09:30
Ընկալման ու տեսողության փառերն է պետք քերել՝ «մգեցված ապակիների» հետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր երկրում պարբերաբար կրկնվող երևույթներից մեկն էլ ավտոմեքենաների «մգեցված ապակիների» դեմ պայքարն է: Այդպես ժամանակ առ ժամանակ մեկ էլ այդ պատմությունը կրկնվում է: Նույնն այս օրերին է: Հայտարարվեց, որ ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն, մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70 տոկոս, և հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։ Այդ նորմը, նկատենք, առանձնապես նոր բան չէ:

Չէ, լո՞ւրջ... Լավ, իսկ ի՞նչ են պահանջում դժգոհները: Ըստ էության, պահանջում են թույլ տալ շարունակել խախտել օրենքն ու կանոնները, շրջել մգեցված ապակիներ ունեցող մեքենայով: Մեծ հաշվով՝ դա է ստացվում: Ու որքանո՞վ է դա ընկալելի, առհասարակ: Ասում են՝ մեր մեքենան է, ինչ ուզենք, այն էլ կանենք: Սեփական ավտոտնակում՝ միգուցե: Իսկ փողոցո՞ւմ: Իսկ երթևեկության մե՞ջ: Այդպես մի օր էլ կասեն՝ մեր մեքենան է, կուզենք՝ մեջը հարբած կնստենք, կուզենք... Մի խոսքով՝ ոնց կուզենք: Առանց այդ էլ քիչ չեն վարորդները, որոնք միայն մի նպատակ ունեն՝ առանց տեսանկարահանող սարքերի հատվածներում մաքսիմալ խախտել ՃԵ կանոնները:

Ինչքան ուժ ունեն՝ վտանգելով ոչ միայն իրենց, այլև, որ ամենակարևորն է, այլոց կյանքը: Իսկ իրականում, ՃԵԿ խախտումների համար չափազանց խիստ է պետք լինել՝ սկսած արգելող նշանին չենթարկվելու համար անհամեմատ մեծ պատիժ սահմանելուց (էլ չենք խոսում խմածության մասին) մինչև թարթիչ չմիացնելը, որը մեր վարորդներից շատերի համար «լավ տղա» լինելու հիմնական պայմանն է: Ընդ որում, այնքան խիստ, որ խախտումամոլական նորանոր գայթակղություններ այլևս չծագեն: Չէ, հասկանում ենք, որ եթե իշխանավորներն «ինչ ուզում՝ անում են», մյուսներն էլ կարող են մտածել, որ իրենք էլ իրենց չափով ինչ ուզեն՝ կանեն: Հիմա էլ մարդկանց մի մասի ուզածը... մգեցված ապակիներով ավտոմեքենաներով շրջելն է: Թե ինչ պատճառաբանություններով, այլ թեմա է: Իսկ, առհասարակ, այսօրինակ դրսևորումները բավականին տխուր խորհրդածությունների առիթ են տալիս: Մարդիկ, ուրեմն, չեն հիշել, որ իրենք «3 միլիոն վարչապետներից» են, երբ երկրի ու նաև իրենց անվտանգության լրջագույն սպառնալիքներ ձևավորվեցին ու դրսևորվեցին»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին