Կարևոր իրադարձություններ

1 տոննա հերոին ներմուծելու գործով նոր զարգացումներ կլինեն. «Ժողովուրդ»

31 Մայիս, 2023 08:22
1 տոննա հերոին ներմուծելու գործով նոր զարգացումներ կլինեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 1 տոննա Հերոին ՀՀ ներմուծելու դեպքով ՀՀ իրավապահ համակարգում ներքին քննարկում է եղել։ Մասնավորապես, իրավապահները բարձրացրել են այն հարցը, որ, անկախ այն հանգամանքից, թե 1 տոննա Հերոինի մասին ահազանգել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը, դա որեւէ կերպ չի փրկում իրեն։

Իրավապահ համակարգում կասկածներ կան, որ Հերոինը ՀՀ ներմուծողները ինչ-որ հարցում անհամաձայնություն են ունեցել, ու կեղտը ջրի երես է դուրս եկել. հիմա պետք է հասկանալ, թե ով կամ ովքեր ինչ կապ ունեն 1 տոննա Հերոինը ՀՀ ներմուծելու հետ։ ԱԱԾ-ն սկսել է Միհրան Պողոսյանի եւ նրա ընկերությունների աշխատակիցների կալանավորման գործընթացը։

Հուսանք՝ նախաքննական մարմինը այսքանով չի սահմանափակվի, ու հերթը կհասնի «խոշոր ձկներին», քանի որ առանց քաղաքական իշխանության ներսում թիկունք ունենալու 1 տոննա Հերոինը չէր կարող մտնել Հայաստան։

Նշենք, որ երեկ ԱԱԾ-ն «Մրգենի» ՍՊ ընկերության փաստացի սեփականատիրոջ՝ Միհրան Պողոսյանի, նույն ընկերության տնօրեն Լ.Ա-ի եւ պահեստապետ Ս.Գ-ի նկատմամբ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի իրացնելու եւ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցել:

Վերջիններիս նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է կալանքը, նախկին պատգամավորի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հավելենք, որ Պողոսյանի նկատմամբ սա երկրորդ հետախուզումն է. առաջինի հարցում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ձախողեց, եւ Պողոսյանը շարունակում է մնալ ՌԴ-ում, անխռով ապրել, բիզնես անել ուրիշների անուններով եւ անգամ զանգահարել հայրենի իրավապահներին։Նախօրեին ԱԺ-ում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկման փակ նիստում ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ուշագրավ հայտարարություններ է արել։ Փակ նիստի գլխավոր թեման եղել է Հայաստանում ազգային անվտանգությանը սպառնալիք դարձած նարկոթրաֆիքինգը։ ԱԱԾ տնօրենը խոստովանել է, որ թմրամիջոցների իրացման թե՛ ծավալներն են մի քանի անգամ մեծացել, թե՛ տարիքն է երիտասարդացել, եւ այն մեծ ու վտանգավոր տարածում ունի անչափահասների շրջանում, սակայն վստահեցրել է, որ գտել են դրա դեմ պայքարի ճանապարհը, ու ակտիվ գործողություններ են տարվում։

Այս համատեքստում Աբազյանն ասել է, որ առաջիկայում մի շարք պաշտոնյաների ձերբակալություններ են սպասվում, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են այդ բիզնեսում։ Խոսել է նաեւ Հայաստան մաքսանենգ ճանապարհով տեղափոխվող թմրանյութի մասին եւ վճռական հայտարարել, որ հետախուզում է հայտարարելու Միհրան Պողոսյանի նկատմամբ եւ անպայման նրան Հայաստան է բերելու ու կալանավորելու է։ ԱԱԾ տնօրենի խոսքից ներկաները հասկացել են, որ չնայած Պողոսյանը մի քանի ուղերձ է հղել՝ տեսանյութեր, հայտարարելով, որ ինքն է նպաստել «Մրգենի» ՍՊԸ-ում թմրանյութի բացահայտմանը, այդուհանդերձ, ինքն ուղիղ ներքաշված է կոկաինը Հայաստան բերելու գործի մեջ»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին