Կարևոր իրադարձություններ

Տրանսպորտային ճանապարհի բացումը միանշանակ չէ. կասկածի տակ է դրված. իրավագետ

30 Մայիս, 2023 21:45
Տրանսպորտային ճանապարհի բացումը միանշանակ չէ. կասկածի տակ է դրված. իրավագետ

Արդեն տևական ժամանակ է` Լաչինի միջանցքը շրջափակման մեջ է: Չնայած միջազգային հանրության կոչերին և արձագանքին` Ադրբեջանը շարունակում է այն փակ պահել:

Ինչպես գիտենք, վերոնշյալ հատվածի բնակչության անվտանգությունն ու երթևեկությունն ապահովում է ռուսական խաղաղապահ զորախումբը, սակայն հաճախ անգամ այդ հանգամանքի առկայությունն էլ չի զսպում ադրբեջանական կողմի գործողությունները: Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նշում է իրավագետ Արտաշես Խալաթյանը, եռակողմ հայտարարությամբ սահմանվում է, որ Հայաստանի տարածաշրջանային հաղորդուղիները ապաշրջափակվում են, որոնք Նախիջևանը կապում են Ադրբեջանի հետ, և դրան զուգահեռ սույն ճանապարհի անխափան երթևեկը ապահովում է ռուսական կողմը:

«Այս ամենի ամբողջ իմաստն այն է, որ այս կերպ Ռուսաստանը փորձում է 9-րդ կետը մեկնաբանել այնպես, որ փաստացի հաղորդուղիները պետք է ունենան պարզեցված մաքսային ընթացակարգ և լիովին վերահսկվեն ռուսական ուժերի կողմից: Նկատենք, որ այս կետը Հայաստանը մեկնաբանում է որպես ՀՀ-ի լիակատար ինքնիշխանության ներքո գործող հաղորդուղիներ, մինչդեռ ՌԴ-ին վերապահված է երկկողմանի ապահովել վերոնշյալ ճանապարհի երթևեկը: Այս պարագայում Ադրբեջանը հանդես է գալիս այն գաղափարով, որ ցանկանում է հաղորդուղինեը դե յուրե դուրս դնել ՀՀ-ի իրավասությունից, որն էլ իր հերթին ձեռնտու է Ռուսաստանին: Փաստացի մաքսային պարզեցված ընթացակարգի կիրառումը նշանակում է, որ Հայաստանի մաքսային օրենսդրությունն այդ պարագայում չի գործելու, որի պատճառով էլ հայկական կողմը չի պատրաստվում որևէ քայլ անգամ նահանջել:

Պատրաստ է անգամ բոյկոտել այնպիսի եռակողմ հանդիպումը, որը քննարկման տակ կդնի այդ հարցը»,- նկատում է նա: Վերջինիս դիտարկմամբ՝ տրանսպորտային ճանապարհի բացումն էլ միանշանակ չէ և իրականում կասկածի տակ է դրված, քանի որ փորձում են այն ծառայեցնել բացառապես տարածաշրջանի շահերի համաձայն՝ անտեսելով Հայաստանին: «Փորձ է արվում հաղորդուղիների բացմամբ պահպանել Հայաստանի մեկուսացվածությունն ու անգամ սահմանափակել ՀՀ ինքնիշխանությունը: Պետք է հաշվի առնել, որ հարցի շուրջ Ադրբեջանի արձագանքը համաձայնեցվում է նաև Ռուսաստանի հետ, քանի որ փաստացի Ալիևը խուսափում է իր վրա ուղիղ պատասխանատվություն վերցնելուց, որն էլ ավելի ակնառու էր դառնում եռակողմ հանդիպումների ժամանակ: Հնարավոր է, որ տեղի ունեցող իրադրաձություններին ադրբեջանական կողմի արձագանքը լինի ոչ թե բանավոր կերպով, այլ որևէ էսկալացիայի կամ սադրանքի տեսքով: Փաստն այն է, որ հիմա դիվանագիտական ճակատում ինտեսիվ դիմակայություն է գնում: Հույս ունենք, որ բանը ռազմական էսկալացիային չի հասնի, չնայած որ, ըստ իս, գնալով ավելի իրատեսական է դառնում»,- ասում է իրավագետը:

Նատալի Մկրտչյան

 

Լրահոս

Դիտել ավելին