Կարևոր իրադարձություններ

Հենրի, Տարոն և Տիրան նորածին եռյակը Ծառուկյան ընտանիքի կողմից օրհնված ոսկյա խաչեր է ստացել (լուսանկարներ)

29 Մայիս, 2023 15:24
Հենրի, Տարոն  և Տիրան նորածին եռյակը Ծառուկյան ընտանիքի կողմից օրհնված ոսկյա խաչեր է ստացել (լուսանկարներ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, հայտնի գործարար, բարերար Գագիկ Ծառուկյանի ընտանիքը, արձագանքելով մայիսի 25-ին Արցախում ծնված եռյակ տղաների ծննդյան ավետիսին, անվանական օրհնված ոսկյա խաչեր է նվիրել նորածիններին:

Խորհրդանշական նվերն այսօր՝ մայիսի 29-ին, Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի ներկայացուցչի՝ Տեր Անդրեաս քահանա Թավադյանի ձեռամբ հանձնվել է նորածինների մորը: 

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում մայրը՝ 38-ամյա Գայանե Ասրիբաբայանը, նշել է, որ շոյված ու շնորհակալ է ուշադրության ու վերաբերմունքի համար։

«Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից ենք։ Տանը մեկ աղջիկ և մեկ տղա ունեմ: Ընտանիքս համալրվեց եռյակ տղաներով։ Առաջին ստուգման ժամանակ ասացին, որ զույգ է։ Ուրախացա ու կատակեցի՝ եթե եռյակ լիներ, ավելի ուրախ կլինեի։

Հաջորդ այցի ժամանակ պարզվեց, որ եռյակ է։ Մինչև 28 շաբաթականը հղիությունը վերահսկվել է Մարտունու շրջանային բուժմիավորումում, այնուհետև` Ստեփանակերտի «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ում: Ծառուկյան ընտանիքի նախաձեռնությունը հայրենանվեր քայլ եմ համարում»,-նշել է Գ. Ասրիբաբայանը։

Եռյակ եղբայրներին կոչել են Հենրի, Տարոն և Տիրան անուններով։

«Դուրս գրվելուց հետո դայակի անհրաժեշտություն կունենամ։ Հույս ունեմ, որ այդ հարցում ևս օժանդակություն կստանամ»,-հավելել է նորածինների մայրը։

«Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»-ի Նեոնատոլոգիայի բաժանմունքի վարիչ Նինա Հովհաննիսյանի հավաստմամբ՝ երեխաների առողջական վիճակը կայուն  է։

«Նրանք շարունակում են ստանալ համապատասխան բուժում և խնամք և դուրս կգրվեն՝ լիովին պատրաստ իրենց կյանքի նոր շրջափուլին»,- իրազեկել է բժշկուհին:

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Ծառուկյան ընտանիքի կողմից շրջափակման ընթացքում ծնված 216 արցախցի փոքրիկներ ստացել են օրհնված ոսկյա խաչեր:

 

 

Լրահոս

Դիտել ավելին