ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է` հայ սահմանապահներն ու մաքսավորները պատրաստ են ապահովել Հայաստանով մեքենաների և գնացքների բնականոն անցումը Ադրբեջան:
«Ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանն իսկապես շահագրգռված է դրանում, և մենք պատրաստ ենք սկսել ապաշրջափակել բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերն ու հաղորդակցությունները (Ադրբեջանի հետ - խմբ.)՝ ելնելով մեր երկրի ինքնիշխանությունից և իրավասությունից: Ես ուզում եմ վերահաստատել, որ մենք պատրաստ ենք։ Ե՛վ սահմանային ծառայությունը, և՛ մաքսային ծառայությունը պատրաստ են ապահովել բոլոր տրանսպորտային միջոցների, մասնավորապես՝ գնացքների բնականոն անցումը Հայաստանի տարածքով»,- ասել է նա։
Վերջինիս խոսքով, Երևանն ակնկալում է, որ Ադրբեջանը բաց կլինի Ռուսաստանի Դաշնություն և Իրան հայկական ապրանքների փոխադրման համար:
«Եվ մենք ակնկալում ենք, որ այս հարցը կլուծվի պարիտետային հիմունքներով՝ ելնելով երկրների ինքնիշխանությունից և իրավասությունից»,- նշել է վարչապետը։