Կարևոր իրադարձություններ

Ինչ արձագանք կստանա Պապիկյանի՝ Մինսկի խորհրդի նիստին չմասնակցելը. պարզաբանում է քաղաքագետը

25 Մայիս, 2023 18:00
Ինչ արձագանք կստանա Պապիկյանի՝ Մինսկի խորհրդի նիստին չմասնակցելը. պարզաբանում է քաղաքագետը

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարությունից, Սուրեն Պապիկյանը չի մեկնել Մինսկ և չի մասնակցել ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 25-ին, Մինսկում Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինի նախագահությամբ տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի նիստը։

Հանդիպման մասնակիցները քննարկել են ՀԱՊԿ անդամ երկրների հավաքական անվտանգության, տարածաշրջաններում ռազմական անվտանգությանն առնչվող մարտահրավերներն ու սպառնալիքները, այդ թվում նաև ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործման հարցեր։

Ինչպես Shabat.am-ի զրույցում նշում է քաղաքագետ, ավագանու «ԼՈւՅՍ» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն, այս ամենը բխում է վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի այն դիրքորոշումից, որ ՀԱՊԿ-ի դերակատարումը մեր երկրում բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս։ Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերից ՀՀ-ն ունեցել է և ունի լեգիտիմ ակնկալիք, որ սույն կառույցը կկատարի իր պարտականությունները:

«Չնայած տեղի ունեցող գործընթացներին, Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ միության մաս և, թեկուզ ստիպված, կառավարում այս կամ այն ռիսկերը, որոնք գալիս են արտաքին աշխարհի այլ դերակատարներից:Կարծում եմ՝ խորհրդի նիստին չմասնակցելն էլ այս ամենի մի բաղադրիչն է, որի ընթացքի մասին ավելի օբյեկտիվ գնահատական տալու համար պետք է սպասել ՊՆ ձևակերպմանը»,- նկատում է նա:

Վերջինիս կարծիքով՝ ՀԱՊԿ-ն այս մասով կարձագանքի, և կհնչեն որոշակի դժգոհություններ, քանի որ արդեն իսկ տարբեր առիթներով նման նոտաներ ուղղվում են հայկական կողմին:

«Սրան զուգահեռ մենք հասկանում ենք, որ պետք է առաջնորդվենք Հայաստանի շահերին համաձայն, որի տրամաբանությունից բխում էր, կատարել իր ստանձնած պարտավորությունները, հակառակ դեպքում պետք է այլ լուծումներ փնտրել, ու դրանում ՀԱՊԿ-ի գործողությունները չեն նպաստում մեր անվտանգային միջավայրի ձևավորմանը»,- նշում է քաղաքագետը:

Խաժակյանի դիտարկմամբ՝ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Արցախում կամ որևէ կերպ դրա ներգրավվումն արցախյան հարցում, մասնավորապես՝ արցախահայերի իրավունքների պաշտպանությանը միտված, դրական քայլ կլիներ, սակայն, ցավոք, դեռևս դրա հիմքերը չկան:

«Հնարավոր է, որ բանակցային գործընթացների ընթացքում նման նախադրյալներ ստեղծվեն: Նկատելի է նաև, որ մենք ԵՄ-ի կողմից ուշադրության կենտրոնում ենք, մասնավորապես՝ Շառլ Միշելի հայտարարությունների մեջ տեսնում ենք, որ հաճախ է խոսվում արցախահայության իրավունքների պաշտպանության մեխանիզմների մասին, որոնք կարող են տարբեր լինեն, սակայն միևնույն ժամանակ օգտակար: Ի վերջո, հայկական կողմը պետք է հասկանա, թե որն է ռուսական կողմի համար կարմիր գիծը»,- ասում է Խաժակյանը:

 

Նատալի Մկրտչյան

 

Լրահոս

Դիտել ավելին