ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նշում է, որ Հայաստանի իշխանությունը դատական իշխանության աշխատանքից գոհ է, սակայն հավելում, որ բարեփոխումներն օր օրի բարելավում են իրավիճակը դատական համակարգում: Սիմոնյանն այս մասին ասաց ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցի քննարկման շրջանակում իր ելույթում:
«Այսօր շատ խոսվեց դատարանների վերաբերյալ կարծիքի մասին: Այո, այնպես չէ, որ իշխանությունը, օրենսդիր իշխանությունը դատական իշխանության աշխատանքից գոհ է: Դրանից բազմիցս խոսել ենք: Դրան են միտված այն դատական բարեփոխումները, որոնք իրականցվում են: Այդ բարեփոխումներն են, որ, իմ կարծիքով, օր օրի լավացնում են դատական իշխանությունը: Դրա ապացույցները բազմաթիվ են»,-ասաց Սիմոնյանը:
Ապա, անդրադառնալով ընդդիմադիրների քննադատությանը՝ Սիմոնյանն ասաց, որ այն, ինչ նախկինում տեղի է ունեցել դատական իշխանությունում, եղել է խայտառակություն: «Դատավորներին ստիպել են զանգով վճիռներ կայացնել: Եվ ոչ հաճո դատավորներին հետապնդել են: Դրանք պետք է չմոռանալ, որ երբևիցե դրան վերադարձ չլինի»,-ասաց ԱԺ նախագահը: Անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի դիտարկմանը, թե վերջին հարցումների արդյունքներով դատական իշխանության վարկանիշը ցածր է՝ Սիմոնյանը համաձայնեց՝ այո, դատական իշխանության վարկանիշը ցածր է:
«Ցածր է նաև ԱԺ-ի վարկանիշը՝ ըստ նույն հարցումների: Դա բնական է, միշտ այդպես է եղել: Քաղաքական գործունեության առաջնագծում գտնվում են պատգամավորները: Ինչ օրենք ընդունվում է, Հայաստանում ինչ տեղի է ունենում, մարդիկ դա պատգամավորների դեմքով են պատկերացնում»,-ասաց Սիմոնյանը՝ հարցնելով՝ իսկ Լիլիթի Գալստյանն այդ նույն հարցումներով ընդդիմության կամ «Դաշնակցության» վարկանիշը տեսե՞լ է: