ԱՄՆ պետքարտուղարի օգնականի առաջին տեղակալ, դեսպան Դերեկ Հոգանը ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին և ԱՄՆ դերակատարմանը․
«ԱՄՆ դիվանագիտությունն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների և ժողովուրդների ուղիղ երկխոսության կայացման գործում, որ նպաստի կայուն ու երկարատև խաղաղության կայացմանը։ Մայիսի սկզբին պետքարտուղարը հյուրընկալել էր երկու երկրների ԱԳ նախարարներին՝ աշխատելու որոշ վիճելի հարցերի շուրջ, որոնցից են սահմանի երկայնքով զորքերի հեռացումը, վեճերի լուծման մեխանիզմն այն համաձայնագրում, որի շուրջ փորձում ենք համաձայնության հասնել, այն է՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Մենք նաև սերտորեն հանդիպում ենք ԵՄ մեր գործընկերների հետ։ Եվրոպական միության նախագահ Շառլ Միշելը հյուրընկալել էր Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին: Կողմերն առաջիկայում կհանդիպեն Գերմանիայի կանցլերի, Ֆրանսիայի նախագահի և ԵՄ նախագահի հետ՝ քննարկելու, թե ինչ է հարկավոր անել վերջնակետին հասնելու համար: Լաչինի միջանցքի ապաարգելափակման հարցով պետքարտուղարը մեծ ճնշում է գործադրում»։