Կարևոր իրադարձություններ

Կաշառքի դիմաց օտարերկրացիների համար «covid-19»-ի դեմ պատվաստման հավաստագիր են տրամադրել

22 Մայիս, 2023 13:33
Կաշառքի դիմաց օտարերկրացիների համար «covid-19»-ի դեմ պատվաստման հավաստագիր են տրամադրել

Ավարտվել է կաշառքի դիմաց 10 և ավել օր ՀՀ-ում չգտնված ԻԻՀ երեք քաղաքացիներին «covid-19» համավարակի դեմ պատվաստման և հավաստագրերի տրամադրման, այդ նպատակով փաստաթղթեր կեղծելու դեպքի նախաքննությունը։ Այս մասին հայտնում են ՔԿ-ից։

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված քննչական և վարութային գործողությունների ընթացքում պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրերի տրամադրման բաժնի մասնագետը, ՀՀ առողջապահության նախարարի և նշված ընկերության տնօրենի հրամանների համաձայն, նշանակված է եղել Երևան քաղաքի Գայի պողոտայում տեղակայված շարժական պատվաստումային կետի պատասխանատու։

Խախտելով համապատասխան հրամանով հաստատված կարգը՝ իր պատասխանատվության տիրույթում գտնվող շարժական պատվաստման կետում նա կաշառքի դիմաց կազմակերպել է Հայաստանի Հանրապետությունում 10 և ավել օր չգտնված ԻԻՀ երեք քաղաքացիների «Քովիդ-19» համավարակի դեմ պատվաստման և հավաստագրերի տրամադրման գործընթացը:

Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ պատվաստումային կետի պատասխանատու նշված անձը, կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստման գործընթացը կաշառքի միջոցով կազմակերպելու վերաբերյալ նախնական համաձայնություն ունենալով Երևան քաղաքի 37-ամյա բնակչի հետ, 2021թ․ օգոստոսի 21-ին վերջինից ընդունել է ԻԻՀ հիշյալ քաղաքացիների օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու դիմաց առնվազն 600 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու առաջարկը:

37-ամյա տղամարդը, կեղծ փաստաթուղթ կազմելու և օգտագործելու միջոցով խոչընդոտը վերացնելու շուրջ նախնական համաձայնության գալով Երևան քաղաքի 39-ամյա բնակիչ իր ծանոթի հետ, 2021թ․ օգոստոսի 21-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, առևտրի կետրոնի դիմաց հանդիպել է վերջինիս՝ իր ծանոթներ ԻԻՀ քաղաքացիների պատվաստումը կազմակերպելու համար։ Ապա 39-ամյա տղամարդը ստացել է ԻԻՀ քաղաքացիների կողմից փախանցված 800 ԱՄՆ դոլարը, որից 600 դոլարը՝ պատվաստման կետի պատասխանատու անձին փոխանցելու նպատակով:

Իր տրամադրության տակ ունենալով ԻԻՀ քաղաքացիների անձնագրերը՝ 37-ամյա տղամարդը, խոչընդոտները վերացնելու նպատակով, պատճենահանման եղանակով կեղծել է անձնագրերի՝ ՀՀ սահմանը հատելու ժամկետի վերաբերյալ դրոշմ պարունակող էջերն այնպես, որ իրական ժամկետի փոխարեն անձնագրում երևա 15 օր ավելի ուշ ՀՀ տարածք մուտք գործած լինելու տվյալ։ Այնուհետև նշված անձանց ուղեկցել է պատվաստման կետ, հանդիպել պատվաստումային կետի պատասխանատուին, որից հետո վերջինս ձևականորեն, իբր ստուգել է նրանց կողմից ներկայացված փաստաթղթերը՝ թույլատրելով վերոհիշյալ անձանց պատվաստել «Քովիդ-19» համավարակի դեմ, դրա վերաբերյալ այդ անձանց անվամբ նա լրացրել է համապատասխան հավաստագրեր ու հանձնել նրանց:

Նախնական պայմանավորվածության համաձայն՝ պատվաստման գործընթացն ավարտվելուց հետո Երևան քաղաքի 37 և 39-ամյա բնակիչներն առանձնացել են՝ 600 ԱՄՆ դոլար կաշառքը փոխանցելու նպատակով, սակայն նույն պահին բռնվել են ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ առողջապահության ազգային ինստիտուտի մասնագետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 37-ամյա տղամարդուն՝ 46-435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 457-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, որը հետագայում փոխարինվել է բացակայելու արգելով։ Իսկ 39-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է։ Քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

 

 

Լրահոս

Դիտել ավելին