Կարևոր իրադարձություններ

Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ օրերի ու ժամերի ընթացքում. «Փաստ»

18 Մայիս, 2023 08:59
Իրավիճակը կարող է փոխվել նույնիսկ օրերի ու ժամերի ընթացքում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխարհաքաղաքական փոփոխությունները ներկայում տեղի են ունենում գլխապտույտ արագությամբ, ինչը պայմանավորված է հիմնականում տեխնոլոգիական զարգացմամբ։ Իրավիճակը կարող է փոխվել ոչ միայն ամիսների, այլև նույնիսկ օրերի ու ժամերի ընթացքում։ Այդ է պատճառը, որ փորձագետները որևէ միջազգային երևույթի գնահատական տալու հարցում միաժամանակ դիտարկում են հնարավոր զարգացումների մի քանի սեցնարներ։ Իսկ դրա համար անհրաժեշտ է նախևառաջ ախտորոշել առկա իրավիճակը։ Իրերի դրությունը հասկանալը հնարավորություն է տալիս նաև պրոյեկտել զարգացումների հնարավոր ուղղությունները՝ իհարկե, հաշվի առնելով նաև անսպասելիության որոշակի գործոններ։

Այս հանգամանքը շատ կարևոր է հատկապես Հայաստանի համար, որը կարող է հայտնվել աշխարհաքաղաքական նոր երկընտրանքի, իսկ վատագույն սցենարի դեպքում՝ պետականության կորստի վտանգի առաջ։ Ներկա պայմաններում աշխարհաքաղաքական ուժերի դասավորությունը մեծապես կախված է Ուկրաինայում շարունակվող պատերազմի ընթացքից։ Արևմուտքը ուկրաինական կողմին շարունակաբար զինում է՝ նախապատրաստելով հակահարձակման։ Կարծիք կա նաև, որ Արևմուտքին ձեռնտու չէ ո՛չ ուկրաինական կողմի վճռական հաղթանակը, ո՛չ էլ ռուսական կողմի հաջողությունները, այլ հակամարտության միջոցով հիմնականում Ռուսաստանին թուլացնելու խնդիր է լուծվում, ինչի մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։

Իսկ ռուսական կողմի վիճակն այնքան էլ բարվոք չէ, քանի որ նրանց առաջխաղացումը կանգնեցվել է։ Եվ այս հանգամանքն էականորեն բարդացնում է Ռուսաստանի արտաքին ակտիվությունը նաև այլ ուղղություններով։ Մյուս կողմից էլ՝ աշխարհաքաղաքական խոշոր դերակատարների ուշադրության կենտրոնում Թուրքիայի ընտրություններն են։ Խորհրդարանական ընտրություններում Էրդողանի գլխավորած դաշինքին հաջողվեց հաղթանակ տանել, իսկ նախագահի անունն արդեն պարզ կդառնա մայիսի 28-ին նախատեսվող ընտրությունների երկրորդ փուլում։ Ընդ որում, փորձագետներն ավելի բարձր են գնահատում Էրդողանի վերընտրվելու շանսերը, քանի որ նա տիրապետում է իշխանական լծակների ու խաղադրույք է կատարում ազգայնականության կրակը բորբոքելու վրա։ Էրդողանի հաղթանակը կարող է նշանակել Թուրքիայի ամբիցիոզ ու ագրեսիվ արտաքին քաղաքականության շարունակություն, երբ այդ երկիրը փորձելու է իր հավակնություններն առաջ տանել այլ երկրների, այդ թվում՝ նաև Հայաստանի հաշվին»։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին