Կարևոր իրադարձություններ

Որպես խափանման միջոց կիրառված 3 մլն դրամ գրավը դարձել է պետության եկամուտ. դատախազություն

17 Մայիս, 2023 18:44
Որպես խափանման միջոց կիրառված 3 մլն դրամ գրավը դարձել է պետության եկամուտ. դատախազություն

2020 թվականին Ար.Մ.-ն, զբաղեցնելով ՊԵԿ «Հյուսիսային մաքսատուն» վարչության «Բավրա» մաքսային կետի մաքսային տեսուչի պաշտոնը, իր հերթափոխի տեսուչ Ա.Մ.-ի և նույն հերթափոխի պետ Դ.Հ.-ի հետ, մաքսային ստուգման չի ենթարկել մաքսակետ մուտք գործած բեռնատարը և չի արձանագրել 22 մլն 272 հազար 895 դրամ արժեքով չհայտարարգրված ապրանքների առկայությունը: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից։

 

Ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում քննված, մեղադրական եզրակացությամբ Հակակոռուպցիոն դատարան ուղարկված քրեական գործով (վարույթով) պարզվել է, որ «Բավրայի» մաքսային կետի մաքսային տեսուչ Ար.Մ.-ն, տեղյակ լինելով, որ 2020 թվականի հունվարի 25-ին տուրիստական կազմակերպության համասեփականատեր Ե.Ք.-ն հերթափոխի տեսուչ Ա.Մ.-ին առաջարկել է 1 մլն 723 հազար 932 դրամին համարժեք 3600 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու դիմաց բաց թողնել Վրաստանից տեղափոխվող 4540 կիլոգրամ ուղեբեռը, ընդունել է առաջարկը: Այնուհետև, հերթափոխի տեսուչ Ա.Մ.-ն Երևանում մաս-մաս ստացել է կաշառքի գումարից 1500 ԱՄՆ դոլարին համարժեք 717 հազար դրամը և 478 հազար դրամին համարժեք 1000 ԱՄՆ դոլարը:

 

«Բավրա» մաքսային կետի մաքսային տեսուչ Ար.Մ.-ին, հերթափոխի տեսուչ Ա.Մ.-ին և հերթափոխի պետ Դ.Հ.-ին 2020 թվականի սեպտեմբերի 15-ին մեղադրանք է ներկայացվել 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը):

 

«Բավրա» մաքսային կետի մաքսային տեսուչ Ար.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 3 մլն դրամ գրավը: Դատաքննության ընթացքում պարզվել է, որ Ար.Մ.-ն կատարել է նոր հանցանքներ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագ) (կաշառքի միջնորդություն), որի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնվել են դատարան:

 

Վերոգրյալի հիման վրա՝ դատախազը 2022 թվականի դեկտեմբերի 23-ին միջնորդություն է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ամբաստանյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված 3 մլն դրամ գրավը պետության եկամուտ դարձնելու մասին:

 

2023 թվականի հունվարի 25-ին դատարանի որոշմամբ դատախազի միջնորդությունը բավարարվել է:

 

  

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին