Կարևոր իրադարձություններ

Ինչու երթուղայինի տոմս կարելի է ձեռք բերել միայն «Telcell»-ով

17 Մայիս, 2023 13:38
Ինչու երթուղայինի տոմս կարելի է ձեռք բերել միայն «Telcell»-ով

Այսօրվանից երևանցիները կարող են երթուղայինի տոմսեր ձեռք բերել` նախապես վճարելով տերմինալի կամ բջջային հավելվածի միջոցով:

Պիլոտային ներդրումով սկիզբ է առել հասարակական տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացը: Այն առայժմ փորձնական ներդրվել է հ. 1 երթուղում:

Համակարգից օգտվելու համար քաղաքացիները մեկանգամյա օգտագործման QR code տոմս կարող են ձեռք բերել N 1 երթուղու երկայնքով տեղակայված կանգառների հարակից տարածքներում առկա «Թել-Սել» վճարային տերմինալների և «Telcell» բջջային հավելվածի միջոցով:

Իսկ թե առկա հավելվածներից ինչու միայն «Թել-Սել»-ով հնարավոր կլինի տոմս ձեռք բերել, Քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը Shabat.am-ի հետ զրույցում նշեց, որ մրցույթ է հայտարարվել, հաղթել է «Թել-Սել»-ն ու պայմանագիր է կնքվել:

«Սա պիլոտային ծրագիր է, թերությունների հայտնաբերման փուլն է: Երբ QR code տոմսային տեսակն ամբողջությամբ ներդրվի, օնլայն վճարային այլ համակարգեր էլ կլինեն: Սա «Թել-Սել»-ի պրոյեկտն է, Երևան համայնքը միջոցներ չի ներդրել, առաջարկը եղել է իրենց կողմից ու իրենց միջոցներով են անում»,-ասաց Սարդարյանը:

Ուղևորները հետագայում այլ հավելվածներով ևս կկարողանան վճարումներ անել, բայց ըստ պայմանագրի` համակարգի սպասարկողը կլինի «Թել-Սել»-ը, քանի որ ինքն է ներդրել:    

QR code տոմսային տեսակը հասարակական տրանսպորտի համալիր բարելավման ծրագրի շրջանակում նախատեսված միասնական տոմսային համակարգի ներդրման գործընթացներից մեկն է:

 

Լրահոս

Դիտել ավելին