Կարևոր իրադարձություններ

Հայաստանի տնտեսական աճը 2023-2024թթ. կլինի չափավոր ու կկազմի հինգ տոկոս. ՎԶԵԲ

16 Մայիս, 2023 12:28
Հայաստանի տնտեսական աճը 2023-2024թթ. կլինի չափավոր ու կկազմի հինգ տոկոս. ՎԶԵԲ

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) հրապարակել է «Տարածաշրջանի տնտեսական հեռանկարներ» թարմացված կանխատեսումը։

Զեկույցի համաձայն՝ գազի բարձր գներով խթանված գնաճը և ֆինանսավորման խստացված պայմանները դանդաղեցնում են տնտեսական աճը զարգացող Եվրոպայում և նրա սահմաններից դուրս:

Այժմ կանխատեսվում է, որ 2023 թվականին երեք մայրցամաքներում գտնվող՝ Բանկի գործունեության տարածաշրջաններում արտադրության ծավալը կաճի 2,2%-ով, ինչը մի փոքր ցածր է Փետրվարի զեկույցում կանխատեսված 2,3%-ից: Ակնկալվում է, որ 2024 թվականին աճը կարագանա՝ հասնելով 3,4 տոկոսի (ինչը փետրվարին կանխատեսված 3,3 տոկոսից ավելի բարձր է), գնաճային ճնշումների աստիճանաբար թուլացմանը զուգահեռ։

2023 թվականի համար ավելի ցածր ցուցանիշներ կանխատեսելու պատճառները հետևյալն են․ Թուրքիայում փետրվարյան երկրաշարժերի տնտեսական ազդեցությունը և տարվա վերջին սպասվող՝ վարկային պայմանների խստացումը, հարավային և արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում բարեփոխումների հետաձգումը և զարգացած տնտեսություններում զսպված աճի ազդեցությունը, ինչպես նաև կայուն գնաճը և ֆինանսավորման պայմանների խստացումը կենտրոնական Եվրոպայում և Բալթյան երկրներում։ 2022 թվականին աճը նվազել է՝ հասնելով 3,3 տոկոսի 2021 թվականի 7,2 տոկոսի համեմատ, որը գրանցվել էր նախքան Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ:

Իսկ 2022 թվականի հզոր մեկնարկին (որը, մասամբ, տեղի էր ունեցել Covid-19 համավարակից վերականգնման շնորհիվ) հաջորդեց երկու հաջորդական եռամսյակների բացասական աճը երկրորդ կիսամյակում: Այս տեխնիկական ռեցեսիան չորրորդն է ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջանում 1990-ականների կեսերից ի վեր՝ նախորդ երեք անկումները գրանցվել էին 1997-98 թվականներին Ասիայում և Ռուսաստանում տնտեսական ճգնաժամերի, 2008-09 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի և Covid-19 համաճարակի ընթացքում:

Սակայն 2022 թվականի եռամսյակային համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի վաղ գնահատականների հիմքում ընկած տվյալները դեռ նախնական են և կարող են վերանայվել։ ««Տարածաշրջանի տնտեսական հեռանկարների» մեր նոր զեկույցն անվանել ենք «Կառավարում ենք իրավիճակը»», - ասել է ՎԶԵԲ-ի գլխավոր տնտեսագետ Բեատա Յավորչիկը: «Թեև գնաճը նվազման հետագիծ ունի, այն դեռ երկնիշ է մեր գործունեության երկրների ավելի քան երեք քառորդում։ Մենք նաև բազմաթիվ ապացույցներ ենք տեսնում առ այն, որ ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջաններում տնային տնտեսությունները լարվածություն են զգում, քանի որ ստիպված են եղել պայքարել երկու՝ միմյանց անմիջապես հաջորդող անկումների դեմ»: Գնաճը, հավանաբար, սկսել է նվազել, քանի որ էներգակիրների գները չափավոր են դարձել, սակայն մարտին ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջաններում միջին ցուցանիշը դեռ կազմում էր 14,3 տոկոս:

Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ ՎԶԵԲ-ի կողմից իրականացված՝ տնային տնտեսությունների Կյանքն անցումային շրջանում հետազոտության հաջորդ փուլի նախնական արդյունքները ցույց են տալիս, որ ՎԶԵԲ-ի տարածաշրջանների տնային տնտեսությունների 55 տոկոսի հաղորդմամբ, նրանք չեն կարողանում խնայողություններ անել, քանի որ ապրում են աշխատավարձից աշխատավարձ, իսկ հարցվածների 10 տոկոսը հայտնում է, որ կուտակված պարտքեր ունի: Տնային տնտեսությունների մեծ մասը սահմանափակ բուֆերներ ունի, ՎԶԵԲ-ի տարածաշրջանների տնային տնտեսությունների 59 տոկոսի հաղորդմամբ, նրանց խնայողությունները չեն բավարարի մեկ ամսից ավել հիմնական ծախսերը հոգալու համար։

«Կյանքն անցումային շրջանում» հետազոտության լրացուցիչ տվյալները կհրապարակվեն ավելի ուշ այս տարի, ՎԶԵԲ-ի՝ «Անցումային շրջանը» հաջորդ զեկույցի հետ մեկտեղ։ Իրավիճակը ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջաններում Կանխատեսվում է, որ Կենտրոնական Ասիայում աճը կայուն կլինի՝ 5,2 տոկոս 2023 թվականին (ըստ փետրվարյան կանխատեսումների վերանայված տարբերակի, սա ավելի բարձր ցուցանիշ է) և 5,4 տոկոս 2024 թվականին: Ռուսական ձեռնարկությունների տեղափոխումը և նավթի արտահանման ավելացումը խթանում են տնտեսական աճը Ղազախստանում, մինչդեռ Մոնղոլիան շահում է հանքարդյունաբերության ընդլայնումից և Չինաստանի վերաբացումից։

Ակնկալվում է, որ Կենտրոնական Եվրոպայում և Բալթյան երկրներում 2023 թվականին արտադրությունը համեստորեն կաճի՝ 0,5 տոկոսով (այս ցուցանիշը վերանայվել է փետրվարի համեմատ՝ զարգացած տնտեսություններում սպասվածից ավելի դանդաղ աճի և կայուն հիմնական գնաճի պատճառով): Թեև տարածաշրջանը 2022 թվականին տոկունություն դրսևորեց, Covid-19 համաճարակին հաջորդող վերականգնումը հիմնականում կորցրել է թափը, և աճը եռամսյակային կտրվածքով վերջերս դարձել է բացասական: Ակնկալվում է, որ 2024 թվականին աճի ցուցանիշը կկազմի 2,9 տոկոս։ Ակնկալվում է, որ Արևելյան Եվրոպայում և Կովկասում (բացառությամբ Ուկրաինայի) աճը կդանդաղի, քանի որ այն արտառոց գործոնները, որոնք 2022 թվականին խթանում էին տնտեսական ակտիվությունը, այժմ սահմանափակ են։ Կանխատեսվում է, որ տարածաշրջանն ընդհանուր առմամբ կաճի 1,9 տոկոսով 2023 թվականին և 3,3 տոկոսով 2024 թվականին:

Ակնկալվում է, որ Ուկրաինայի տնտեսությունը համեստորեն կաճի՝ մեկ տոկոսով 2023 թվականին և երեք տոկոսով 2024 թվականին, քանի որ բիզնեսները հարմարվում են պատերազմական պայմաններին: 2023թ.-ի աճի կանխատեսումները վերանայվել են Եվրամիության (ԵՄ) հարավ-արևելյան երկրների տնտեսությունների համար՝ հենվելով եվրոգոտուն միանալու հեռանկարի վրա, որը կխթանի ներդրողների վստահությունը Բուլղարիայում, պետական ներդրումների ավելացումը Ռումինիայում և ավելի բարձր արդյունքների փոխադրման էֆեկտը Հունսատանում 2022 թվականի վերջին եռամսյակներում: Ակնկալվում է, որ տարածաշրջանը կաճի 2,3 տոկոսով 2023 թվականին և 3 տոկոսով 2024 թվականին։ Ակնկալվում է, որ հարավային և արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում արտադրության ծավալը կաճի 3,6 տոկոսով 2023 թվականին և 4,4 տոկոսով 2024 թվականին:

2023 թվականի համար վերանայված կանխատեսումներն արտացոլում են բարեփոխումների ձգձգումների պատճառով ցուցանիշների անկումը, զարգացած Եվրոպայում դանդաղ աճի հետևանքները, ինչպես նաև հարկաբյուջետային և արտաքին խոցելիության աճը Եգիպտոսում։ Ակնկալվում է, որ 2023 թվականին Թուրքիայում տնտեսական աճը կդանդաղի՝ կազմելով 2,5 տոկոս, իսկ 2024 թվականին՝ 3 տոկոս: 2023 թվականի կանխատեսման վերանայումը դեպի նվազում արտացոլում է 2023 թվականի փետրվարի երկրաշարժերի ազդեցությունը, ինչպես նաև 2023 թվականի երկրորդ կեսին վարկերի տրամադրման սպասվող խստացումը: Կանխատեսվում է, որ Արևմտյան Բալկաններում 2023 թվականին արտադրության ծավալը կաճի 2,2 տոկոսով՝ գնաճային ճնշումների հետևանքով առաջացած «հակառակ քամիների» և Եվրոպայի առաջադեմ տնտեսությունների վերաբերյալ զուսպ կանխատեսումների ֆոնին, նախքան 2024 թվականին 3,4 տոկոսին հասնելը:

Բացառությամբ Կոսովոյի համար վերանայված կանխատեսման, ըստ որի 2023 թվականին աճ կգրանցվի, Բանկի կանխատեսումները փետրվարի համեմատ անփոփոխ են: Հայաստանում 2023 թվականի առաջին եռամսյակում աճի ցուցանիշը կազմել է կայուն 12,2 տոկոս, սակայն աստիճանաբար ի հայտ են գալիս չափավորության նշաններ։ Անցյալ տարի Հայաստանի տնտեսությունն աճել է 14,2 տոկոսով․ մշակող արդյունաբերության ոլորտը՝ 7,8 տոկոսով, իսկ ծառայությունները՝ 28,2 տոկոսով։ Շինարարությունն ու առևտուրը նույնպես երկնիշ աճ են գրանցել։

Տնտեսությունը շահել է կապիտալի ներհոսքից և ոչ ռեզիդենտների կողմից տեղեկատվության, կապի և զբոսաշրջության հետ կապված ծառայությունների պահանջարկի բացառիկ աճից: Դրամական փոխանցումների զուտ ներհոսքը գրեթե կրկնապատկվել է՝ պայմանավորված ՌԴ քաղաքացիներից Հայաստան եկող փոխանցումների շուրջ յոթնապատիկ աճով։

2022 թվականի ընթացքում դրամավարկային խստացումը և փոխարժեքի դրույքը մեղմացրել էին գնաճը, որը 2023 թվականի մարտին նվազել է մինչև 5,4 տոկոս:

ՎԶԵԲ-ն ակնկալում է, որ Հայաստանի աճը 2023 և 2024 թվականներին չափավոր կլինի՝ կազմելով 5 տոկոս, աճի զգալի ռիսկերով՝ կապված աշխարհաքաղաքական ցնցումների հետ։

 

 

 
 
 
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին