Կարևոր իրադարձություններ

Ռուսական գազը Ադրբեջանով և Թուրքիայով չի կարող գնալ եվրոպական շուկա. դա նոնսենս է. Մարգարյան

15 Մայիս, 2023 14:48
Ռուսական գազը Ադրբեջանով և Թուրքիայով չի կարող գնալ եվրոպական շուկա. դա նոնսենս է. Մարգարյան

Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենն օրերս անդրադարձել էր Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների նոր` 11-րդ փաթեթին, որը բաղկացած է լինելու 3 մասից: Նախատեսվում է ընդլայնել արգելված ապրանքների ցանկը, որոնք Ռուսաստան են մտնում երրորդ երկրների միջոցով։

ԵՄ-ն նախատեսում է նաև ստեղծել նոր գործիքներ, որոնք թույլ չեն տա երրորդ երկրներին շրջանցել պատժամիջոցները։ Բրիտանական The Financial Times թերթի փոխանցմամբ՝ սույն փաթեթը կարող է ներառել միկրոչիպեր, կիսահաղորդիչներ և այլ էլեկտրոնային ապրանքներ արտադրող չինական յոթ ընկերություններ ևս:

Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նշում է տնտեսագիտության թեկնածու, դոցենտ, ՀՊՏՀ ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների լաբորատորիայի ղեկավար Ատոմ Մարգարյանը, կարևոր է, որ պատժամիջոցներ սահմանող կողմը հստակ ներկայացնի, թե ինչ սահմանափակումների ու ինչ ցանկի մասին է խոսքը:

Ըստ Մարգարյանի` ճիշտ է, առանց հստակ ցանկի շատ մեկնաբանություններ կարող ենք անել, սակայն դա մեզ ոչինչ չի կարող տալ:

«Երկակի և ռազմական նշանակության ապրանքները, որոնք կարող են ազդել Ռուսաստանի ռազմաարդյունաբերության և զինուժի ուժեղացման վրա, բնականաբար, կարող են ընկնել սանկցիաների տակ 3-րդ երկրների, այդ թվում՝ նաև հայաստանյան ընկերությունների միջոցով: Արդեն որոշ ընկերությունների անուններ այս մասով շրջանառվում են, որոնց մեջ կա նաև հայկական ընկերություններից մեկի անունը: Դրանք, ի դեպ, խնդիրներ ունեն ամերիկյան կողմի սահմանած սանկցիաների համատեքստում: Միանշանակ, գայթակղությունը շատ մեծ է իրականացնել այնպիսի մատակարարումներ, որոնք առայժմ ռուսական ընկերությունները չեն կարող»,- նկատում է նա:

Վերջինիս դիտարկմամբ՝ այստեղ խնդիր ունի նաև Հայաստանի կառավարությունը, որը հայտարարում է, որ ռուս-ուկրաինական հակամարտության մասով չեզոք դիրք ունի: Բանն այն է, որ սա իրենից ենթադրում է մաքսային ծառայությունների կրկնակի զգոնություն:

«Եթե գնահատենք վերջին մեկ տարվա ընթացքում եղած վերաարտահանումների ծավալները, կարող ենք ասել, որ պատժամիջոցների նոր փաթեթի կիրառման պարագայում տնտեսական տատանումները շոշափելի կլինեն: Սա շատ նուրբ թեմա է: Ի վերջո, խոսքն այստեղ միայն ռազմական նշանակության ապրանքների մասին չէ, այլ երկակի նշանակության ևս. օրինակ, սմարթֆոնները: Նշեմ, որ դրանց ծավալներն էլ կապված են նրա հետ, թե նախապատվությունն ինչպիսի ապրանքներին կտրվի»,- կարևորում է տնտեսագետը:

Մարգարյանի խոսքով՝ սույն կոնֆլիկտում եվրոպական կողմն իրեն շատ տարօրինակ է պահում, սակայն սրան զուգահեռ պարզ է, թե ինչու են սույն գործողություններն արվում: Ակնկալիքները, թե ռուսական գազը Ադրբեջանով և Թուրքիայով կարող է գնալ դեպի եվրոպական շուկա, ևս նոնսենս է:

«Լավ կլիներ, որ եվրոպական պաշտոնյանները սկսեին մտածել հենց դրա մասին, ոչ թե նախապատվությունը տային երկակի ստանդարտներով առաջնորդվելուն. սա է իրականությունը: Իսկ այն, որ նրանք Ադրբեջանին գովաբանելով՝ աչք են փակում վերջինիս ագրեսիվ վարքագծի վրա, ևս սանկցիաների դաշտից է: Եթե պատժամիջոցներ են կիրառում  ՌԴ-ի նկատմամբ ինչ-ինչ ապրանքացանկերի գծով, ապա այդ դեպքում ինչու սակցիաներ չեն կիրառում Ադրբեջանի նկատմամբ, որը ոչ պակաս ագրեսիվ է ու ցեղասպան: Այստեղ շատ հարցեր ու շերտեր կան, որոնք չպետք է միակողմանի դիտարկել: Իսկ այն` ով է ագրեսորը՝ Ռուսաստա՞նը, թե՞ Ուկրաինան, թող որոշեն այդ երկրների ժողովուրրդները, ոչ թե կողքից այնպիսի խմբավորումներ, որոնք ուրիշի ձեռքով շագանակներ են անում»,- ընդգծում է Մարգարյանը:

Հարցին՝ արդյոք այս պարագայում կարիք չկա՞ զարգացնելու տնտեսական հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ, վերջինս նկատում է՝ կարևոր է զարգացնել տնտեսական հարաբերությունները բոլոր ուղղություններով: Սա նշանակում է ունենալ դիվերսիֆիկացված առևտրատնտեսական և ներդրումային գործարքներ:

«Այն, որ ՀՀ-ն ԵԱՏՄ երկիր է և գտնվում է եվրոպական մաքսային միությունից դուրս ու դրան զուգահեռ չունի կրկնակի հարկումից խուսափելու պայմանագրահենք ԱՄՆ-ի հետ՝ չի խոսում այն մասին, որ թե՛ ԱՄՆ-ն, թե՛ ԵՄ-ն առանձնապես բարեհաճ են Հայաստանի նկատմամբ: Այն, որ այսօրվա դրությամբ եվրոպական շուկան ցնցումային իրավիճակում է, քանի որ զրկվել է ռուսական էժան էներգակիրներից և վերոնշյալ բազմամիլիարդանոց շուկայի լայն հնարավորություններից, իհարկե, լավ բանի մասին չի խոսում: Վերջիններս հիմա լավ ժամանակներ չեն ապրում: Այլ բան է, որ արևմտյան ուղղության հետ մեկտեղ Հայաստանն իր հարաբերությունները զարգացնի արևելյան զարգացած կամ զարգացող մյուս երկրների հետ ևս, օրինակ, Չինաստան, Հնդկաստան, Ճապոնիա և այլն: Ի վերջո, բոլորի հետ պետք է ունենալ բալանսավորված առևտրատնտեսական, ներդրումային և գիտատեխնոլոգիական հարաբերություններ»,- կարևորում է Մարգարյանը:

 

 Նատալի Մկրտչյան

 

Լրահոս

Դիտել ավելին