Կարևոր իրադարձություններ

Օրինակա՞ն է արդյոք Սլավոնականի այս տարվա ավարտական վկայականը. ԿԳՄՍՆ-ի արձագանքը` խնդրահարույց հարցերին

12 Մայիս, 2023 13:50
Օրինակա՞ն է արդյոք Սլավոնականի այս տարվա ավարտական վկայականը. ԿԳՄՍՆ-ի արձագանքը` խնդրահարույց հարցերին

Դեռևս ավելի վաղ գրել էինք, որ Հայ-ռուսական համալսարանում անհանգիստ վիճակ է. ռեկտորի հեռանալուն զուգահեռ ավարտական կուրսերի ուսանողներն ու նրանց ծնողները անհանգստացած են: Ասում են` ավարտական վկայականների օրինականության հարց է առաջացել:

Համալսարանի շուրջ բարձացված աղմուկի վերաբերյալ Shabat.amխոսել էր բուհի մամուլի քարտուղարի հետ, ներկայացրել իրենց տեսակետը:

Քանի որ Հայ-ռուսական համալսարանի համահիմնադիր է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս ԿԳՄՍՆ-ի, որպես հայկական կողմի պատասխանատու` Shabat.am-ը հարցում էր ուղարկել գերատեսչությանը`հասկանալու, թե որքանով են օրինական լինելու այս տարվա ավարտական վկայականները, ինչպես է լուծվելու այդ հարցը: Նաև խնդրել էինք ներկայացնել նախարարության դիրքորոշումը և ձեռնարկվելիք քայլերը` հարցին ամբողջական լուծում տալու համար:

Գերատեսչությունն օրենքով սահմանված ժամկետում պատասխանել է մեր հարցմանը (խմբ. իհարկե, ոչ բոլոր հարցերին տալով լիարժեք պատասխան), որում ասվում է.

«Հայ-ռուսական համալսարանին, այդ թվում՝ ռեկտորի ընտրությանն առնչվող հարցերը  կարգավորվում են  գործող՝  ՀՀ կառավարության և  ՌԴ կառավարության միջև Երևան քաղաքում Ռուս-հայկական համալսարանի հիմնադրման և գործունեության պայմանների մասին 1997 թվականի օգոստոսի 29-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրով (https://bit.ly/44qPSpg) և բուհի կանոնադրությամբ (https://bit.ly/3Hw0Wru):

Բուհը շնորհում է երկու պետությունների կողմից ճանաչված պետական ավարտական փաստաթուղթ, որի օրինականությունը վիճարկելի չէ»:

Երեկ էլ Հայ-ռուսական համալսարանի մամուլի ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ ռեկտորի ընտրության օրակարգով այսօր կայանալու է համալսարանի ընդհանուր ժողովը։ 

Ըստ հաղորդագրության`ՀՀ ԿԳՄՍ նախարարը համապատասխան գրություններով դիմել է ռուսաստանյան համահիմնադրին և համալսարանի գործող ռեկտոր Արմեն Դարբինյանին՝ հայտնելով նաև ընտրության համար նախընտրելի թեկնածուների անունները` տ.գ.դ., պրոֆեսոր Էդվարդ Սանդոյան և փ.գ.դ., պրոֆեսոր Պարգև Ավետիսյան: 

Ըստ համալսարանի հայաստանյան համահիմնադրի եզրակացության` ռեկտորի ընտրության օրակարգով համալսարանի ընդհանուր ժողովի անցկացումն այլընտրանք չունի, քանի որ ոչ համալսարանի կանոնադրությամբ, ոչ միջպետական համաձայնագրով սահմանված չեն ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման դրույթներ: 

Հիշեցնենք, որ գործող ռեկտոր Արմեն Դարբինյանի պաշտոնավարմանը մնացել է երկու օր: Ռեկտորի լիազորությունների ժամկետը լրանում է մայիսի 14-ին:

Հավելենք նաև, որ Արմեն Դարբինյանը դիմել էր համալսարանի համահիմնադիրներին` պատրաստակամություն հայտնելով ևս հինգ տարի պաշտոնավարելու, սակայն ոչ մի կողմից արձագանք չի ստացել:

 

Նոննա Բարսեղյան

 

Լրահոս

Դիտել ավելին