Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    383
    389

  • EUR

    407
    421

  • RUB

    4,63
    4,93

Կարևոր իրադարձություններ

Մեկնարկում է երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագիրը

11 Մայիս, 2023 13:36
Մեկնարկում է երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ մայիսի 11-ին կմեկնարկի Երևանի ու ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր դպրոցներ» ծրագիրը:

Ծրագրի առաջին այցելությունը կիրականացնի ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի Ա. Այվազյանի անվան երաժշտական դպրոցը՝ հյուրընկալվելով ծրագրի նախաձեռնող և կազմակերպիչ Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցում:

Նախքան համերգն ու վարպետության դասերը՝ հյուրերը կայցելեն Կոմիտասի թանգարան-ինստիտուտ, կծանոթանան հաստատության գործունեությանը, կունկնդրեն Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 14-րդ ամենամյա մրցույթ-փառատոնի «Երգչախումբ» անվանակարգի մրցելույթները:

Ծրագրի 2023 թվականի գարնանային շրջափուլում նախատեսված են ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների այցելությունները Երևան. հագեցած ծրագրի շրջանակում մշակութային կրթության ոլորտի մարզաբնակ սովորողները հանդես կգան ելույթներով, կմասնակցեն վարպետաց դասերին, կայցելեն թանգարաններ, Երևանի տեսարժան վայրեր:

Հիշեցնենք, որ Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2019 թվականին: Երևանի Ալեքսեյ Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ կազմակերպված ծրագիրն ինքնատիպ երևույթ է մշակութային կրթության ասպարեզում:

Ծրագրի շնորհիվ Երևանի և Հայաստանի մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների սովորողները հնարավորություն ունեն մեկտեղելու իրենց կարողությունները, հանդես գալու համատեղ ստեղծագործական ծրագրերով, իսկ մանկավարժների և ոլորտի պատասխանատուների համար ծրագիրը դարձել է փորձի փոխանակման, խորհրդատվության, կարևոր հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպելու և առաջարկություններ ներկայացնելու մշտառկա ու գործող հարթակ:

Ծրագրի նպատակն է նպաստել մշակութային կրթության բնագավառի շարունակական զարգացմանը: Ծրագիրը նոր լիցքեր է հաղորդել գեղարվեստական կրթության ոլորտին՝ կարևոր քայլ հանդիսանալով ոլորտում ստեղծված բարիքների բաշխման և մշակութային կրթության զարգացման ուղղությամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ծրագիրն ընդգրկվել է ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ցանկում՝ որպես մշակութային կրթության ոլորտի նպատակային ծրագիր:

2019 թվականից իրականացվող ծրագիրը տարեցտարի ընդլայնել է աշխարհագրությունն ու բազմապատկել շահառուների թիվը: 2022 թվականին ծրագրին մասնակցել են  հանրապետության շուրջ 60 երաժշտական և արվեստի դպրոցներ, իսկ շահառուների թիվը կազմել է ավելի քան 500 սովորող և մանկավարժ:

2022 թվականի դեկտեմբերին Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կայացել է ծրագրի գալա համերգ-ցուցահանդեսը: Միջոցառման ընթացքում Երևանի և ՀՀ մարզերի մշակութային կրթության ոլորտի շուրջ 300 շահառուներ իրենց կատարումներով և աշխատանքներով հանդես են եկել մայրաքաղաքում:

 

 

Լրահոս

Դիտել ավելին