Կարևոր իրադարձություններ

Մարդու ոտքը չպետք է մտնի վայրի կենդանիների բնակավայրեր. բնապահպան

08 Մայիս, 2023 20:37
Մարդու ոտքը չպետք է մտնի վայրի կենդանիների բնակավայրեր. բնապահպան

Համաձայն ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հրապարակած տվյալների` նախորդ յոթ օրերի ընթացում վայրի կենդանիների հարձակման 6 դեպք է արձանագրվել:

Ինչպես ցույց է տալիս վիճակագրութունը, վերջին տարիներին նկատվում է վայրի կենդանիների հարձակման ու բնակավայրերին մոտենալու դեպքերի ավելացում:

Վայրի կենդանիների` բնակավայրերին մոտենալու ամենաթարմ դեպքը երեկ Մարալիկի դաշտերում վազող արջն էր, որին տեսել էին անցորդներն ու նկարել:

Shabat.am-ի հետ զրույցում բնապահպան Սիլվա Ադամյանը նշում է՝ վայրի կենդանիները հարձակումներ են կատարում այն դեպքում, երբ այն տարածքը, որտեղ նրանք ապրում են, կա՛մ վտանգված են, կա՛մ գրավված մարդու կողմից: Կամ է՛լ կլիմայական փոփոխությունների պատճառով սույն տարածքում խնդիրներ են առաջացել, որոնք խոչընդոտում են նրանց` այդտեղ բնակվելուն:

«Սրանք վերաբերում են մասնավորապես գայլերին և արջերին: Նշեմ, որ, ընդհանուր առմամբ, արջերի հարձակումները լինում են այնպիսի բնակավայրերում, որոնք շատ մոտ են անտառներին, ունեն զարգացված մեղվաբուծություն ու բազում հատապտուղներ: Արջերն էլ, ինչպես գիտենք, հիմնականում հարձակվում են մեղվի փեթակների վրա ու սնվում հատապտուղներով: Նման հարձակումների ժամանակ մարդն ակամա կարող է դառնալ արջի հարձակման մյուս կետը»,-ասում է բնապահպանն ու հիշում` նախկինում որոշում էր կայացվել գումար տալ այն մարդկանց, որոնք գայլերի մորթիներ կբերեին՝ պատճառաբանելով, որ դրանք շատացել են ու ապահովության համար պետք է գլխաքանակը կրճատել. «Սրա դեմ շարժում սկսեցինք, որը որոշակի արդյունք տվեց, սակայն մինչ օրս էլ ակնհայտ է, որ գայլերի հարձակումներ շատ են լինում այն գյուղերում, որտեղ տարբեր տեսակի էլեկտրական չոբաններ են տեղադրված»,- ասում է նա:

Ըստ Ադամյանի` ինչքան էլ ցանկանանք շատ բան անել, միևնույնն է կանգնած ենք մի շարք լուրջ խնդիրների առաջ, ինչպիսիք են կլիմայի և շրջակա միջավայրի փոփոխությունները, որոնց պատճառով էլ կենդանիների բնակության տարածքը փոքրանում է:

«Եթե կենդանու բնակավայրն ու սնունդը նորմալ լինեն, նա երբեք չի գնա մարդկանց բնակավայրեր ու հարձակումներ էլ չի անի: Սա փաստում է այն մասին, որ ունենք մի շարք խնդիրներ, որոնց լուծում տալու համար պետք է անցկացվեն ուսումնասիրություններ: Այստեղ կարևոր է հասկանալ, թե կոնկրետ որ վայրի կենդանիներն են նման վարքագիծ դրսևորում, որքան է նրանց քանակը, հաճախ որ հատվածներում են նման դեպքեր արձանագրվում, որտեղ են նրանց բնակավայրերը և այլն:

Այս տվայլները թույլ կտան գալ ոչ միայն հստակ եզրահանգման, այլև պաշտպանել բնակիչներին և գյուղական տնտեսությունը: Կարևոր է հասկանալ նաև, որ մարդու ոտքը չպետք է մտնի այն տարածք, որտեղ բնակվում են վայրի կենդանիները, հակառակ դեպքում նման խնդիրներ միշտ կառաջանան»,- նկատում է բնապահպանը:

Վերջինիս համոզմամբ՝ պետք է ճիշտ վարքագիծ դրսևորել այս մասով, ոչ թե մտածել նրանց ոչնչանելու կամ վնասելու մասին, որովհետև դրանք անհետևանք մնալ չեն կարող: Այս համատեքստում Սիլվա Ադամյանը հիշում է մոտ 15 տարի առաջ Ուջանում տեղի ունեցածը, երբ կրակել ու ոչնչացրել էին վարդագույն սարյակների նրա համար, որ վերջիններս նաև սնվում էին կեռասով ու բալով:

«Մարդիկ համարեցին, որ դա վնաս է պատճառում իրենց տնտեսությանը, այն ինչ իրական վնասը եղավ նրանց ոչնչացումից հետո, քանի որ թռչունները եկել էին այդտեղ սպասվող երաշտի պատճառով: Նրանք նաև ոչնչացնում են հատուկ վնասատու միջատներին: Արդյունքում բազմաթիվ լուրջ խնդիրներ եղան այգիների և դաշտերի հետ: Սրանք միամյանց հետ միանգամայն կապ ունեն: Մենք չենք կարող հրացանը մարդու ձեռքը տալ ու ասել` ինչպես կուզեք, պաշտպանվեք»,- նշում է Ադամյանը:

 

Նատալի Մկրտչյան

 

Լրահոս

Դիտել ավելին