Կարևոր իրադարձություններ

Թուրքիան ՀՀ-ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ է մտցնում ավելի վաղ եղած իրադարձության ու արձանի համար. թուրքագետ

05 Մայիս, 2023 16:32
Թուրքիան ՀՀ-ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ է մտցնում ավելի վաղ եղած իրադարձության ու արձանի համար. թուրքագետ

Ինչպես հայտնի է, երեկ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մասնակցել և ելությով հանդես է եկել Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի 30-ամյակին նվիրված գագաթնաժողովում:

Վերջինս մասնավորապես անդրադարձել է «Նեմեսիս» արձանի տեղադրման` Թուրքիայի կողմից հնչած բացասական արձագանքներին և Հայաստան-Թուրքիա օդային սահմանի փակմանը:

Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում նշում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը, Սիմոնյանի մեկնումն Անկարա, ըստ էության, ոչ թե այց էր Թուրքիա, այլ մասնակցություն գագաթնաժողովին, որի նիստն այս անգամ էլ տեղի է ունեցել Թուրքիայում:

«Սա լրիվ նորմալ երևույթ է: Հաջորդ անգամ հնարավոր է մեկ այլ Սևծովյան համագործակցության երկրներից մեկում լինել: Սա նշանակում է, որ Ալեն Սիմոնյանի այցը չպետք է որակավորել որպես այց Թուրքիա, քանի որ, ինչպես արդեն նշեցի, այն ուղիղ կապ ուներ վերոնշյալ կազմակերպության հետ: Այստեղ ոչ մի խնդիր չեմ տեսնում»,- նկատում է նա:

Վերջինս, անդրադառնալով նաև օդային սահմանի փակմանը, հավաստում է` իհարկե, սահմանի փակումը կապված էր «Նեմեսիս» արձանի տեղադրմամբ, որը թուրքական կողմն անգամ չի էլ թաքցրել՝ ներկայացնելով դրանք կոշտ հայտարարությունների տեսքով:

«Կարծում եմ՝ այս ամենը Թուրքիան դիտավորյալ է անում՝ նպատակ ունենալով ազդել հայ ժողովրդի պատմական հիշողության վրա, որպեսզի հիշենք պատմական անցյալն այնպես, ինչպես իրեն է ձեռնտու: Իմ ընկալմամբ՝ սա Թուրքիայի կողմից անընդունելի քայլ էր: Դուրս է գալիս, որ տնտեսական պատժամիջոցներ են մտցնում մի իրադարձության համար, որը եղել է դեռ վաղ ժամանակներում և կապվում է արձանի բացման հետ: Միջազգային հարաբերությունների մակարդակով նման վարքագիծը, միանշանակ, անդունելի է: Պետք է ասեմ, որ այս մասով պատահական չէր նաև ԱՄՆ-ի կողմից եղած դժգոհությունները»,- ընդգծում է թուրքագետը:

Սաֆրաստյանի դիտարկմամբ՝ այսպես, թե այնպես թուրքական հասարակության մոտ բացասական ընկալում կա հայերի նկատմամբ և ոչ միայն հայերի, այլև հրեաների և ամերիկացիների, ու սա, թերևս, հավաստում են արված հարցումների արդյունքները:

«Սրանից ելնելով՝ պարզ է դառնում, որ վերոնշյալ արձանի տեղադրումը թուրք հասարակության մոտ պետք է բացասական արձագանք ու մոտեցում առաջացներ: Բանն այն է, որ շատերն անգամ տեղյակ չեն պատմական իրողություններից: Թուրք հասարակությունը երկար ժամանակ դաստիարակվել է ցեղասպանության ժխտմամբ ու հայատյացությամբ:

Կարծում եմ՝ Թուրքիան կշարունակի իր այս գործելակերպը, քանի որ վերջինիս համար կարևոր է, որ հասնի հայերի կողմից պատմական հիշողության փոփոխությանը: Եթե հայկական կողմն այս մասով չտա իր կոշտ արձագանքն ու դիրքորոշումը, ապա նման քայլերը Թուրքիայի կողմից շարունակական կլինեն»,- ասում է նա:

 

Նատալի Մկրտչյան

 

Լրահոս

Դիտել ավելին