Կարևոր իրադարձություններ

Անկախության գինը թանկ է լինելու. քաղաքագետ

04 Մայիս, 2023 16:30
Անկախության գինը թանկ է լինելու. քաղաքագետ

Երեկ Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը:

Վերջիններս քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող հարցեր:

ՀՀ ԱԳ նախարարը նշել է՝ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Արդբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների օկուպացիան չեն նպաստում տարածաշրջանում կայունության հաստատման ջանքերին:

Ինչպես Shabat.am-ի հետ զրույցում մեկնաբանում է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, վաշինգտոնյան հանդիպումն ինքնին արդեն դրական ու ողջունելի իրողություն է: Միրզոյանի առաջ քաշած այն եզրույթն էլ, որ ադրբեջանական կողմի նման վարքագիծն անընդունելի է և չպետք է նման հռետորաբանությամբ խոսել Հայաստանի հետ, քանի որ այն խոչընդոտում է տարածաշրջանում կայունացման գործընթացին, միանգամայն իրավացի է և տեղին:

«Այս պարագայում այլ հարց են Լեռնային Ղարաբաղի մասով բանակցությունները: Բանն այն է, որ մինչ այս տեղի ունեցած հանդիպումները շատ փակ ձևաչափով են եղել և հտակ որևէ բանը ասելը, թերևս, դժվար է: Պետք է միայն սպասենք, որից հետո նոր հետևություններ կանենք: Լավ է, որ հայկական և ադրբեջանական կողմերն արդեն իսկ բանակցային սեղանի շուրջ են, սակայն, մեկ է, այլ հարց է, թե ինչ արդյունքներ կգրանցնեն և արդյոք որևէ արդյունք, ի վերջո, կլինի, թե ոչ»,- նկատում է նա:

Վերջինս հավաստում է՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ցանկանում է, որ տեղի ունեցող բանակցություններն արդյունք տան և վերջապես հասնենք խաղաղության: Հայկական կողմն էլ, ըստ երևույթին, այս մասով անմասն չի մնում ու հստակ քայլեր է ձեռնարկում: Մկրտչյանի դիտարկմամբ՝ զիջումներից զատ, միջազգային հանրությունը, մասնավորապես՝ ամերիկյան կողմը, վերջին բանակցությունների ընթացքում մի քանի անգամ նշել է, որ կողմերը պետք է ամեն բան անեն, որպեսզի հարգվեն ԼՂ բնակչության իրավունքներն ու ազատությունը:

«Այժմ գնդակն Ադրբեջանի դաշտում է ու հարց է՝ ադրբեջանական կողմը պատրա՞ստ է ԼՂ-ում ապրող էթնիկ հայերին տալ իրավունքներ ու ազատություն՝ ճանաչելով դրանք: Սա, թերևս, մեծ հարցականի տակ է, որովհետև Ադրբեջանի նախագահն իր առաջ խնդիր է դրել ստանալու Լեռնային Ղարաբաղի տարածքն առանց հայերի: Հենց այստեղ է, որ իրենց խոսքը պետք է ասեն ԼՂ մեր հայրենակիցները՝ չսպասելով ՀՀ-ի որևէ դիրքորոշմանը: Շատ ենք սիրում խոսել անկախությունից, սակայն դա պետք է նվաճվի. անկախության գինը թանկ է լինելու»,- ընդգծում է նա:

 

Նատալի Մկրտչյան

 

Լրահոս

Դիտել ավելին