Կարևոր իրադարձություններ

ՀՀ տնտեսությունը դինամիկ զարգացման փուլում է. ինչ արդյունքների սպասել. մեկնաբանում է տնտեսագետը

02 Մայիս, 2023 15:53
ՀՀ տնտեսությունը դինամիկ զարգացման փուլում է. ինչ արդյունքների սպասել. մեկնաբանում է տնտեսագետը

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` 2023թ.-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն ավելացել է 12.2%-ով, իսկ 2023թ.-ի մարտին` 2022-ի համեմատ`14%-ով:

Առևտրի շրջանառությունը հաշվետու ամիսների տվյալներով ավելացել է 21%-ով, իսկ ծառայությունների ծավալն առանց առևտրի՝ 22.9%-ով: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 2%-ով: Սպառողական գների ինդեքսը հաշվետու ժամանակահատվածում աճել է 7.2%-ով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազել է 0.4%-ով:

Ըստ վիճակագրական տվյալների` արտաքին առևտրաշրջանառության ծավալը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է 102.2%-ով: Ընդ որում, արտահանման ծավալն ավելացել է 126.5%-ով, իսկ ներմուծման ծավալը՝ 89.1%-ով:

Ինչպես Shabat.am–ի հետ զրույցում նկատում է տնտեսագետ Կարեն Սարգսյանը, կարևոր է տարբերել տնտեսական աճն ու տնտեսական ակտիվության ցուցանիշը: Ի տարբերություն տնտեսական աճի, որը ցույց է տալիս ՀՆԱ ակտիվությունը, տնտեսական ակտիվության ցուցանիշը ցույց է տալիս, թե տնտեսության տարբեր բաժիններում ինչ արդյունքներ կան՝ դրանք համեմատելով նախորդ տարվա հետ:

«Սույն տվյալերը վկայում են տնտեսության դինամիկ և դիվերսիֆիկացված զարգացման ու առանձնահատկությունների մասին, ինչը ցույց է տալիս նաև, որ միայն ռուս-ուկրաինական պատերազմից ածանցվող գործոնները չեն, որ ազդել են նման ցուցանիշների վրա: Այդտեղ լուրջ ազդեցություն են ունեցել նաև մեր ունեցած ներքին տնտեսական պայմաններն ու քաղաքականությունը: Նկատելի է, որ արտաքին զարգացման պայմաններում ևս ունենք դրական միտումներ, որոնք հետագայում էլ կարող են աճել: Տեղական արտադրանքի արտահանման զարգացումն էլ պայմանավորված է որոշ ապրանքների սղությամբ և պատժամիջոցներով»,- ասում է տնտեսագետը:

Վերջինիս հավաստմամբ՝ տնտեսական աճը կպահպանվի, եթե ֆորսմաժորային իրավիճակներ ի հայտ չգան, որոնք կխոչընդոտեն ներկայիս արդյունքների պահպանմանը կամ դրանց նոր աճին:

«Հայաստանյան ընդհանուր տնտեսական պայմաններն ու արտաքին ազդակները որոշակիորեն նպաստում են վերոնշյալ ցուցանիշների կայուն պահպանմանը: Կարծում եմ` եթե ցուցանիշները չաճեն, նվազում ևս չի լինի: Այս պարագայում խոչընդոտներ չկան, այլ հակառակը, ունենք նպաստավոր պայմաններ: Նշեմ նաև՝ արդյունաբերության ոլորտում էլ գալիք ամիս, ամենայն հավանականությամբ, կրկին աճ կարձանագրվի. այստեղ բազմաթիվ ծրագրեր են գործարկված, որոնք էլ ժամանակի ընթացքում շոշափելի դրական արդյունքներ ցույց կտան: Մյուս ոլորտներում իրավիճակը ևս կայուն է»,- նշում է նա:

 

Նատալի Մկրտչյան

 

Լրահոս

Դիտել ավելին