Կարևոր իրադարձություններ

Ջրային պարեկների ներդրման պահից ապօրինի որսը գործնականում դառնալու է անհնարին. վարչապետ

27 Ապրիլ, 2023 13:36
Ջրային պարեկների ներդրման պահից ապօրինի որսը գործնականում դառնալու է անհնարին. վարչապետ

Ոստիկանության պարեկային ծառայության կազմում կստեղծվի ջրային ստորաբաժանում։ Այս մասին կառավարության նիստում հայտարարել է ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

«Նոր ծառայությունը կապահովի անվտանգ և ապահով Սևանա լիճ ունենալու տեսլականի իրականացումը։

Ջրային պարեկները լինելու են ունիվերսալ ծառայություն իրականացնողներ։ Ջրային պարեկությունը լինելու է դասական պարեկի լրացուցիչ ֆունկցիա։

Այսինքն` մասնագիտացված պարեկների թիմում ընդգրկված պարեկները, ըստ անհրաժեշտության, իրականացնելու են Գեղարքունիքի մարզի ցամաքային հատվածում պարեկային ծառայությանը վերապահված այլ գործառույթներ։ Պարեկային ծառայության ջրային ստորաբաժանմանը վերապահվելու են մի շարք գործառույթներ, մասնավորապես նախատեսվել են կարգավորումներ ջրային փոխադրամիջոցների շահագործման պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելիս համապատասխան փաստաթղթերի ստուգման, նավավարների սթափության վիճակի զննության, լողամիջոցը վարելիս ոչ սթափ վիճակում գտնվող անձանց մեկուսացնելու, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման ստուգման, լողամիջոցի զննման, օրենքով նախատեսված որոշ հիմքերով լողամիջոցի շահագործումն արգելելու և այն տեղափոխելու կամ այլ անձի հանձնելու վերաբերյալ»,-նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ բոլոր այս խախտումների համար նախատեսվելու են նաև վարչական պատասխանատվության միջոցներ։

 

«Ես ուզում եմ, որ սա այսօրվանից արձանագրենք, նաև մեր հայրենակիցները արձանագրեն, որ ջրային պարեկների ներդրման պահից ապօրինի որսը գործնականում դառնալու է անհնարին»,-ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին