Կարևոր իրադարձություններ

Արցախի ներդրումային հիմնադրամի հանդեպ ժամկետանց պարտավորությունները պետք է կատարվեն. պետնախարար (տեսանյութ)

26 Ապրիլ, 2023 16:45
Արցախի ներդրումային հիմնադրամի հանդեպ ժամկետանց պարտավորությունները պետք է կատարվեն. պետնախարար (տեսանյութ)

Այսօր Արցախի պետական նախարար, Արցախի ներդրումային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Գուրգեն Ներսիսյանը և խորհրդի անդամները հանդիպել են հիմնադրամի աշխատակազմի և հիմնադրամին ենթակա առևտրային կազմակերպությունների ղեկավարների հետ:

Պետական նախարարը ներկայացրել է վերջին մեկ ամսում կատարված ամփոփումների ու վերլուծությունների արդյունքները:

«Արցախի ներդրումային հիմնադրամի հանդեպ առկա է ավելի քան 150 միլիարդ դրամի ժամկետանց պարտավորություն, որը պետք է կատարվի, այդ գումարները պետք է վերադարձվեն հիմնադրամին»,- իր խոսքում նշել է պետական նախարարը:

Ներդրումային հիմնադրամի տնօրենին հանձնարարվել է առաջիկա օրերին սկսել հին և ժամկետանց պարտավորություն ունեցող ֆիզիկական ու իրավաբանական անձանց ծանուցման գործընթացը, տալ ողջամիտ ժամկետ պարտավորությունը կատարելու համար, իսկ հակառակ պարագայում՝ նախապատրաստել հայցեր դատարան դիմելու և գումարի բռնագանձումն ապահովելու համար:

«Եթե այդ ընթացքում ի հայտ կգան հանցագործության դեպքերի առկայության մասին վկայող տվյալներ, ապա անհրաժեշտ է լինելու դրա վերաբերյալ դիմել իրավապահ մարմիններին: Ամեն դեպքում կձգտեք քաղաքացիաիրավական փոխհարաբերությունների շրջանակում հասնել վեճի կարգավորմանը»,- ասել է պետական նախարարը:

Պետական նախարարն ընդգծել է նաև, որ այդ գործընթացը ունենալու է հակադրվողների մի մեծ բանակ, դրա մասնակիցները արժանանալու են քննադատությունների, հնչելու են վիրավորական արտահայտություններ, առանձին քաղաքական կատարածուներ ստանալու են իրենց պատվերները և հարձակում գործելու հրամանները: Բայց պետք է առավելագույնս ազատ լինել նման բնույթի ազդեցություններից, բացարձակապես ուշադրություն չդարձնել դրանց և գործել այն գիտակցումով, որ հենց մեզ է վստահված Արցախի Հանրապետության պատմության ամենադժվար ժամանակներում ամենապատասխանատու և ծանր աշխատանքներից մեկը իրականացնելու առաքելությունը:

Պետական նախարարը անդրադարձել է նաև հիմնադրամին պատկանող կազմակերպություններին ու դրանցում տեղի ունեցող գործընթացներին:

Հիմնադրամին պատկանող կազմակերպություններ կան, որոնք տևական ժամանակ գործունեություն չեն իրականացրել ֆինանսական միջոցների բացակայության կամ սղության պատճառով, մինչդեռ դրանց հոգաբարձուների խորհուրդների անդամները ստանում են միլիոնների հասնող վարձատրություն, և դա այն դեպքում, երբ այդ միջոցները ուղղակի կամ անուղղակի ֆինանսավորվում են պետության կողմից: Սա անընդունելի երևույթ է, պետական միջոցները պետք է օգտագործվեն խնայողաբար, ոչ թե ի շահ ինչ-որ մարդկանց»:

Հանդիպման արդյունքում որոշվել է առաջիկայում ավելի նեղ կազմով քննարկում նախաձեռնել՝ հիմնադրամի գործունեության հետ կապված այլ խնդիրներ քննարկելու համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին