Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481
    485

  • EUR

    582
    590

  • RUB

    7,55
    7,85

Կարևոր իրադարձություններ

Հայրավանք համայնքում բացվել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն (լուսանկարներ)

20 Հոկտեմբեր, 2015 17:47
Հայրավանք համայնքում բացվել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոն (լուսանկարներ)

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր Գեղարքունիքի մարզի Հայրավանք համայնքում մասնակցել է Գյուղատնտեսական և անասնաբուժական սպասարկման կենտրոնի պաշտոնական բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ֆերմերներ և հյուրեր:

«Գեղարքունիքի մարզն անասնապահության որլորտում առաջնակարգ տեղ է զբաղեցնում, խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակի առումով մեր երկրի առաջատարն է: Համոզված եմ, որ կենտրոնի բացումը կնպաստի մարզում անասնապահության ճյուղի առավել զարգացմանն ու ընդլայնմանը», – իր բացման խոսքում նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:

Նախարարի խոսքով` նորաբաց կենտրոնը թվով 12-րդն է հանրապետությունում: Գեղարքունիքի մարզում առաջիկա ամսվա ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ նախատեսում է բացել ևս երկու նմանատիպ կենտրոն` Ճամբարակ և Վարդենիս համայնքներում:

Իր խոսքում անդրադառնալով «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրին` նախարար Սերգո Կարապետյանը գոհունակությամբ նշել է, որ ներկայումս մարզից ծրագրում ընդգրկված է ավելի քան 40 համայնք: Ընդգծելով ծրագրի կարևորությունն ու արդյունավետությունը` նախարարը նաև հավելել է, որ նմանատիպ ծրագրեր կիրականացվեն հանրապետության տարբեր մարզերում:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի ղեկավար Քարեն Հիլիարդն իր հերթին ընդգծել է գյուղատնտեսության ոլորտի զարգացման կարևորությունը Հայաստանում, մասնավորապես Գեղարքունիքի մարզում, որն ապահովում է երկրի գյուղատնտեսական արտադրանքի մոտ 20 տոկոսը: Նրա համոզմամբ, ագրարային ոլորտը Հայաստանում ունի մեծ ներուժ, և ԱՄՆ ՄԶԳ նպատակն է աջակցել այդ ներուժի արդյունավետ օգտագործմանը:

Նոր մասնագիտացված կենտրոնը, որը հիմնվել է CARD հիմնադրամի կողմից ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, համայնքի անասնաբույժներին, ֆերմերներին և գյուղատնտեսությամբ զբաղվող անհատներին

կտրամադրի տեխնիկական և բիզնես օժանդակություն կենդանիների առողջության և անասնապահության հետ կապված հարցերում։ Կենտրոնում աշխատելու են բարձրակարգ մասնագետներ, որոնք ցանկացողներին կմատուցեն անհրաժեշտ խորհրդատվական ծառայություններ:

Կենտրոնը կնպաստի առաջավոր գյուղատնտեսական բիզնես տեխնիկայի տարածմանը։ Այն կամրապնդի տեղի ֆերմերների հմտությունները և լավագույն փորձը կփոխանցի բոլոր նրանց, ովքեր տրամադրում են գյուղատնտեսական և անասնաբուժական, ինչպես նաև անասնաբուծական և անասնապահական ծառայություններ։ Կենտրոնում կմատուցվեն նաև գյուղատնտեսական կենդանիների արհեստական սերմնավորման ծառայություններ:

Բացի այդ, կենտրոնում կանցկացվեն աշխատաժողովներ և վերապատրաստման ծրագրեր, որոնք կվարեն տեղի և օտարերկրյա մասնագետները։ Նախատեսվում է սպասարկել Գեղարքունիքի մարզի 10 համայնքների 2 հազարից ավելի ֆերմերների։

Այնուհետև նախարար Սերգո Կարապետյանն այցելել է Գավառի տարածաշրջանի Գանձակ համայնք, որտեղ դիտարկել է կարտոֆիլի բերքահավաքի ընթացքը: Այստեղ նախարարը հավաստիացել է, որ կարտոֆիլի բերքն ընթացիկ տարում բավական առատ է և բարձրորակ, և գյուղացիները հեկտարից մոտ 600 ցենտներ բերք են ստանում:

Ամփոփելով այցի արդյունքները` նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ 2015 թվականին Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսության ոլորտում բարձր ցուցանիշներ են գրանցվել, խոշոր եղջերավոր կենդանիների անասնագլխաքանակն ավելացել է մոտ 4,6 տոկոսով, ինչի շնորհիվ ավելացել են նաև կենդանական ծագման մթերքների արտադրության ծավալները:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին