Կարևոր իրադարձություններ

«Քե մատաղ, լյոխ լավա». Ստեփանակերտի շուկան` իր ողջ կոլորիտով ու գույներով (լուսանկարներ)

20 Հոկտեմբեր, 2015 16:12
«Քե մատաղ, լյոխ լավա». Ստեփանակերտի շուկան` իր ողջ կոլորիտով ու գույներով (լուսանկարներ)

Յուրաքանչյուր քաղաքի կոլորիտի ամենավառ ու իրական մասնիկը դրա մարդիկ են: Ստեփանակերտն այդ առումով ամենալավ օրինակներից է: Եվ եթե ուզում եք համոզվել դրանում, ապա անպայման այցելեք տեղի կենտրոնական շուկա: Այստեղ կարող եք ճանաչել Արցախը իր գույներով, բնավորությամբ, նիստ ու կացով, դարդ ու ցավով, անցյալով ու ներկայով:



Շուկա մտնելիս ուշադիր նայեք ձեր շուրջբոլորը, որպեսզի չմոլորվեք բերքի առատությունից: Այս օրերին շուկան լի է ընկույզով, որը տեղացիների լեզվով ճղոպուրն է, նուռով և մրգերի տեսականիով: Մարդիկ այստեղ հանգիստ են, իրարից գնորդ չեն փախցնում, իրար կողք կողքի նստած վաճառականները նույնսիկ խորհուրդ են տալիս հարևանից ևս գնումներ անել:

Շուկայի գները նույնպես հարմար են, արցախյան հայտնի նռան ու ճղոպուրի մեկ կիլոգրամի համար դուք պետք է վճարեք 800-1000 դրամ: Այստեղ գործում է նաև սակարկելու հին ու բարի սովորությունը և եթե գումարը չբավականացնի, հանգիստ կարող եք գործի դնել համոզելու ձեր արվեստը: Շուկայի տատիկները ուշադիր ու հոգատար են, ձեզ կօգնել կողմնորոշվել: Պատրաստակամորեն կոտրելով ընկույզները ու միջինը ցույց տալով, նրանք ձեզ նաև կհյուրասիրեն ու թարս ու շիտակ հայացքներ չեն գցի, երբ որոշեք մի փոքր էլ պտտվել շուկայում:

Քաղաքի կենտրոնական հյուրանոցներից շուկա հասնելու համար ձեզնից կպահանջվի ընդամենը 10 րոպե և նույնիսկ տաքսու վարորդները ձեզ խորհուրդ կտան ոտքով հասնել այնտեղ: Երբ հասնեք շուկա, անպայման գնեք արցախյան հայտնի ժենգյալով հացը, որը պատրաստվում է հենց տեղում: Արցախում պատրաստված ժենգյալով հացի համը միանգամայն այլ է և եթե նույնիսկ ինչ-որ տեղ փորձել ու չեք հավանել այն, ապա այստեղ հաստատ կփոխեք ձեր կարծիքը: Ժենգյալով հացը կարող եք գնել ընդամենը 400 դրամով:Վաճառող կանայք էլ սիրով կպատմեն ձեզ դրա նախապատմության և պատրաստման եղանակի մասին:

Թթվի բաժինները բոլորովին այլ պատմություն են, միայն դրանց գույները ու տեսականին, ձեզ կստիպեն մի քանի րոպե կագնել դրանց մոտ, եթե նույնսիկ մտադրություն չունեք գնելու:

 

Շուկայում պտտվելով ընդամենը 10-15 րոպե, այնտեղից դուրս կգաք մի քանի տոպրակներով, լավ տրամադրությամբ և իհարկե բազմաթիվ տատիկներից լսած «քե մատաղ» արտահայտություններով ու իհարկե կհասնեք հյուրանոց այն մտքով, որ «լյոխ լավա»:

 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին