Կարևոր իրադարձություններ

ԵՊՀ իրավաբանները հանդիպել են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին

31 Մարտ, 2023 19:15
ԵՊՀ իրավաբանները հանդիպել են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին

Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Երևանի պետական համալսարանի իրավագիտության և քաղաքագիտության ֆակուլտետների ուսանողներն այցելել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե: Այցը կազմակերպվել էր «Freedom House» կազմակերպության աջակցությամբ՝ «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի առաջմղում» ծրագրի շրջանակներում: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ուսանողները հանդիպել են Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի հետ: Խոսելով Կոմիտեի առջև դրված խնդիրների և առաքելության, համակարգի հետ կապված նոր օրենսդրական փոփոխությունների, քննիչի մասնագիտության կարևորության և բարդության, մասնագիտական կողմնորոշման հետ կապված հարցերի շուրջ՝ Սասուն Խաչատրյանն ընդգծել է՝ քննիչի մասնագիտությունը բարդ, բայց միաժամանակ շատ հետաքրքիր, արժանապատիվ աշխատանք է: Ըստ Կոմիտեի նախագահի՝ քննիչը պետք է լինի ոչ միայն անաչառ և սկզբունքային, այլև բազմակողմանի զարգացած, ունենա լայն աշխարհընկալում, քանի որ, աշխատանքի բնույթով պայմանավորված, կարող է առնչվել ամենատարբեր բնագավառների և տարատեսակ բնավորության մարդկանց հետ, ամեն օր սովորել ու հետազոտել, նոր գիտելիքներ ձեռք բերել. «Միաժամանակ չպետք է մոռանալ, որ սա նաև մեծ պատասխանատվություն պահանջող աշխատանք է, քանի որ գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ, և նույնիսկ աննշան սուբյեկտիվ կամ անզգույշ վերաբերմունքն այստեղ անթույլատրելի է»,- նշել է Սասուն Խաչատրյանը:

Կոմիտեի նախագահը ուսանողներին հորդորել է ցանկացած պարագայում առաջնորդվել միայն օրենքով. «Ի վերջո, յուրաքանչյուր ոք, անկախ սոցիալական դիրքից կամ զբաղեցրած պաշտոնից, պետք է հասկանա, որ եթե կատարի հակաօրինական արարք, պատիժն անխուսափելի է լինելու»:

Սասուն Խաչատրյանը, պատասխանելով ուսանողներին հետաքրքրքող հարցերին, նրանց ներկայացրել է օրինակներ սեփական փորձից և անդրադարձել հակակոռուպցիոն կրթության ներդրման կարևորությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին