Կարևոր իրադարձություններ

Կյանքից հեռացել է ուռուցքաբան-վիրաբույժ Ռաֆայել Սարգսյանը

31 Մարտ, 2023 09:56
Կյանքից հեռացել է ուռուցքաբան-վիրաբույժ Ռաֆայել Սարգսյանը

Ինչպես տեղեկանում ենք Ուռուցքաբանության ազգային կենտրոնից, երեկ` մարտի 30-ին, 70 տարեկանում կյանքից հեռացել է Ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ, բ․գ․դ․, պրոֆեսոր Ռաֆայել Գուրգենի Սարգսյանը:

«Ուռուցքաբան վիրաբույժի վախճանը մեծ ցավ և կորուստ է ոչ միայն նրա ընտանիքի անդամների, այլև մեր կենտրոնի համար:

Իր ողջ կյանքի ընթացքում բժիշկ Սարգսյանը արժանապատվորեն կատարել է իր առաքելությունը՝ փրկել է կյանքեր, անգնահատելի ավանդ ու ներդրում ունեցել հայկական ուռուցքաբանության զարգացման գործում:

Մեր ավագ գործընկերը իր գործի նվիրյալներից էր: Նա իր գիտելիքներով է կիսվել սերունդների հետ և իր հավերժ հետքը թողել մեր առողջապահական ոլորտում:

Պրոֆեսորը 88 գիտական աշխատանքների հեղինակ է։

Բժիշկը իրականացնում էր էնդոկրին համակարգի, փափուկ հյուսվածքների, աղեստամոքսային համակարգի, կրծքագեղձի, մաշկի ուռուցքների բոլոր ծավալների վիրահատական բուժում։

Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ամբողջ անձնակազմը խորին ցավակցությունն է հայտնում Ռաֆայել Սարգսյանի ընտանիքի անդամներին, ընկերներին, հարազատներին, գործընկերներին և ուսանողներին` կիսելով կորստի ծանր վիշտը։

Բժշկի հոգեհանգիստը տեղի կունենա մարտի 31-ին՝ 17:00-20:00, «Rotonda» սգո սրահում (հասցե՝ Դավիթ Բեկի 83), հուղարկավորությունը՝ ապրիլի 1-ին՝ 13:00-ին, Հացավան գյուղում ՝ Սարգսյանների ընտանեկան գերեզմանատանը»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին