Կարևոր իրադարձություններ

Հայ մարզիկները 2-րդն են պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունում

30 Մարտ, 2023 17:09
Հայ մարզիկները 2-րդն են պաուերլիֆտինգի Եվրոպայի առաջնությունում

Լեհաստանի Շեդլեց քաղաքում օրերս տեղի է ունեցել XPC վարկածով Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի պաուերլիֆտինգի հավաքական թիմը՝ ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարոյանի գլխավորությամբ։

Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցել է 12 մարզիկով և մի շարք մեդալներ նվաճել՝ թիմային հաշվարկում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:

Հայ մարզիկները մեծահասակների տարիքային խմբում 4 ոսկե մեդալ են նվաճել եռամարտ վարժությունում:

Եվրոպայի առաջնության բացարձակ հաղթող է դարձել 82,5 քաշային գյումրեցի մարզիկ Արա Խաչատրյանը: Մեծահասակների տարիքային խմբի եռամարտ վարժությունում նա առաջին տեղն է զբաղեցրել, ինչպես նաև դարձել բացարձակ հաղթող։ Եռամարտ վարժությունում Եվրոպայի ռեկորդով առաջին տեղն է զբաղեցրել 67,5 կգ քաշային Էդգար Բադալյանը:

Նույն՝ 67,5 կգ քաշային կարգում, բայց արդեն վետերանների պայքարում եռամարտ վարժությունում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մակար Թամրազյանը:

Նույն վարժությունում ոսկե մեդալին արժանացել է նաև 110 կգ քաշային Հայկ Աֆյանը՝ Չարենցավանից: Մեծահասակների տարիքային խմբում ոսկե մեդալին արժանացել է Արտյոմ Սոլոյանը՝ (90 կգ) պառկած սեղմում վարժությունում: Վերջինս բացարձակ հաշվարկում երկրորդ տեղն է զբաղեցրել: Մեծահասակների տարիքային խմբում ևս երեք ոսկե մեդալ հայ մարզիկները նվաճել են ձգում վարժությունում:

Առաջին հորիզոնականն են զբաղեցրել 90 կգ քաշային Գառնիկ Աբրահամյանը, 100 կգ քաշային Գոռ Հովհաննիսյանը և 110 կգ քաշային Կարեն Պետրոսյանը:

Ի դեպ, Հովհաննիսյանը նաև արծաթե մեդալ է նվաճել կքանիստ վարժությունում: Եվրոպայի փոխչեմպիոնի կոչմանն արժանացել է նաև Գևորգ Ալեքսանյանը (100 կգ), որը հանդես է եկել եռամարտ վարժությունում: Բացարձակ հաշվարկում նա երրորդ տեղն է զբաղեցրել:

Եվս մեկ ոսկե մեդալ հայ մարզիկները նվաճել են արդեն պատանիների տարիքային խմբում: Հայաստանի ներկայացուցիչ, 60 կգ քաշային Արմեն Ղազումյանը ձգում վարժությունում գրավել է առաջին տեղը՝ պատանիների Եվրոպայի ռեկորդով: Աղջիկների պայքարում ոսկե մեդալին արժանացել է Ժաննա Շահնազարյանը (82,5 կ):

Մեծահասակների տարիքային խմբում նա առաջին տեղն է զբաղեցրել ձգում վարժությունում: Հայաստանի վերջին ներկայացուցիչ Սուրեն Թադևոսյանը վնասվածքի պատճառով չի կարողացել շարունակել մրցելույթը։

Հայ մարզիկներն արդեն վերադարձել են հայրենիք: Օդանավակայանում նրանց դիմավորել և նվաճած մեդալների առթիվ շնորհավորել է նաև ԿԳՄՍՆ սպորտի բարձրագույն նվաճումների բաժնի պետ Արթուր Սեդրակյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին