Կարևոր իրադարձություններ

Գլխավոր դատախազի տեղակալի դեպքում էլ քաղաքական չեզոքությունն ու զսպվածությունը կարևոր են. «Հրապարակ»

30 Մարտ, 2023 09:31
Գլխավոր դատախազի տեղակալի դեպքում էլ քաղաքական չեզոքությունն ու զսպվածությունը կարևոր են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնին առաջադրել է գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանի թեկնածությունը։ Այս առիթով մենք մի քանի հարց ուղղեցինք Անահիտ Մանասյանին։

- Դուք ՔՊ խմբակցության ՄԻՊ-ի թեկնածուն եք, այս իշխանության օրոք զբաղեցնում եք գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը, սակայն ՄԻՊ-ը քաղաքական չեզոքություն պետք է պահպանի, Ձեր կարծիքով՝ Ձեզ կհաջողվի՞ քաղաքական չեզոքություն պահպանել։

- Գլխավոր դատախազի տեղակալի պարագայում եւս առանցքային նշանակություն ունի քաղաքական չեզոքության եւ զսպվածության սկզբունքի պահպանումը։ Կարծում եմ՝ ոչ միայն Գլխավոր դատախազությունում իմ զբաղեցրած պաշտոնում, այլեւ ամբողջ մասնագիտական գործունեությանս ընթացքում հետեւել եմ նշված սկզբունքին, որն ինձ համար ունի առանցքային դերակատարություն։ Այդ սկզբունքն ինձ համար առանցքային է լինելու նաեւ ապագայում ցանկացած գործունեություն, այդ թվում՝ ՄԻՊ առաքելությունն իրականացնելիս, եթե, իհարկե, ընտրվեմ։

- Թեեւ թե՛ ՄԻՊ-ի, թե՛ գլխավոր դատախազի պաշտոններն իրավաբանի պաշտոններ են, սակայն դատախազը հանրային մեղադրող է, իսկ ՄԻՊ-ը՝ իրավապաշտպան, որը պետք է մարդուն պաշտպանի պետությունից: Այսինքն՝ սրանք իրավաբանի մտածողության երկու տարբեր տեսակներ են։ Որքանո՞վ է նպատակահարմար, որ ՄԻՊ պաշտոնը զբաղեցնի դատախազը։

- Դատախազության եւ դատախազի վերաբերյալ ընկալումները մեր հասարակությունում, կարծում եմ, լուրջ վերափոխման կարիք ունեն։ Դատախազի առաջնային առաքելությունը եւս, ի թիվս այլնի, մարդու իրավունքների պաշտպանությունը, Սահմանադրության եւ սահմանադրական կարգի պահպանումն են։ Դատախազությունում իմ այս կարճ պաշտոնավարման ժամանակահատվածում փորձել եմ իմ ավանդն ունենալ այդ գաղափարի ամրապնդման, ժամանակակից չափանիշներին համապատասխանող դատախազության համակարգի, ինչպես նաեւ դատախազի «օրինակելի» կերպարի ձեւավորման գործում։ Ինչ վերաբերում է իմ մտածողությանը, ապա վերջինս մշտապես կառուցված է եղել սահմանադրական արժեքների եւ սկզբունքների պահպանման ու մարդու իրավունքների պաշտպանության գաղափարի վրա։ 

- ՄԻՊ ինստիտուտը, կարելի է ասել, մշտապես բարձր հեղինակություն ունեցող կառույց է եղել։ Դուք ինչպիսի՞ կառույց եք հավակնում ղեկավարել, ինչպիսի՞ ժառանգություն են թողել նախկին պաշտպանները։

- Կարծում եմ՝ ունենք Մարդու իրավունքների պաշտպանի կայացած ինստիտուտ, որն անհրաժեշտ է անընդհատ կատարելագործել։ Մարդու իրավունքների պաշտպանությունը, իր հերթին, պետք է լինի հասարակության, հանրային իշխանության առաջնահերթ նպատակը, առանց որի դժվար է պատկերացնել ժամանակակից պայմաններին համապատասխանող որեւէ իրավական ու ժողովրդավարական պետություն։

- Ընդդիմությունն առաջադրել է արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Էդգար Ղազարյանի թեկնածությունը, ի՞նչ կարող եք ասել այս առաջադրման վերաբերյալ, Ձեզ համար հե՞շտ, թե՞ դժվար կլինի Ղազարյանի դեմ պայքարելը։

- Ցանկացած անձի վերաբերվում եմ հարգանքով։ Միեւնույն ժամանակ, երբեւէ որեւէ մեկի դեմ չեմ պայքարում։ Պայքարում եմ բացառապես իրավաչափ եւ մարդկային արժեքները չոտնահարող նպատակների համար։

- Ձեր կարծիքով՝ Դուք ինչպիսի՞ ՄԻՊ կլինեք, մարդու իրավունքները պաշտպանելիս նրա քաղաքական դիրքորոշումը Ձեզ համար նշանակություն կունենա՞, Դուք կքննադատե՞ք իշխանություններին, եթե դրա կարիքը լինի։

- Իմ մասին գնահատականներ հնչեցնելն էթիկապես կոռեկտ չեմ համարում։ Ինչ վերաբերում է մարդկանց քաղաքական դիրքորոշումներին, բնականաբար, դրանք չեն կարող դերակատարություն ունենալ վերջիններիս իրավունքները պաշտպանելիս։ Քննադատական խոսքին էլ վերաբերվում եմ մեծ պատասխանատվությամբ եւ վերջինս եւս երբեւէ չեմ պայմանավորում անձանց հայացքներով, այդ թվում՝ քաղաքական։ Միեւնույն ժամանակ, կարեւոր եմ համարում արձանագրել, որ Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնական գործիքը քննադատական հայտարարություններ հրապարակելը չէ, թեեւ դրանք եւս անհրաժեշտ իրավիճակներում ունեն կարեւոր դերակատարություն։ Գոյություն ունեն նշված ինստիտուտին վերաբերելի մի շարք այլ գործիքներ, որոնց վերաբերյալ, վստահ եմ, բազմիցս կխոսենք առաջիկայում։

- Օրերս Դուք ԱԺ-ում լրագրողների հարցերին չպատասխանեցիք, մինչդեռ ՄԻՊ-ն այն պաշտոնյան է, ով պետք է նաեւ ԶԼՄ-ների գործունեության երաշխավորը լինի, աջակցի ԶԼՄ-ներին։ Ի՞նչն էր պատճառը, եւ ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հետագա աշխատանքը լրագրողների հետ։

- Լրագրողների հետ աշխատել եմ եւ շարունակելու եմ աշխատել բարեկամական մթնոլորտում։ Կարեւորում եմ խոսքի ազատությանը վերաբերելի բնագավառում առկա խնդիրներին եւ մարտահրավերներին համատեղ լուծումներ գտնելու հնարավորությունների առկայությունը։ Միեւնույն ժամանակ, ուզում եմ հատուկ շեշտադրել, որ իմ խոսքին վերաբերվում եմ մեծ պատասխանատվությամբ եւ խոսում եմ սոսկ այն իրավիճակներում եւ այնպիսի ձեւաչափով, որպեսզի խոսքս դրական առումով փոխի լռությունը։ Կարծում եմ՝ նման որակի շփումների պակաս չենք ունենա առաջիկայում»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին