Կարևոր իրադարձություններ

Պետք է ուժեղ լինեմ երեխաներիս համար. «Փաստ»

30 Մարտ, 2023 09:46
Պետք է ուժեղ լինեմ երեխաներիս համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Սիփանն ու Վարդուհին ծանոթացել են 2012 թվականին: «Ես Սպիտակից եմ, Սիփանը՝ Մեծամորից: Ընդհանուր ծանոթ ունեինք: Չորս ամիս ենք ընկերություն արել: Մեր առաջին հանդիպումը Սպիտակի եկեղեցում էր: Երբեք չեմ մոռանա՝ 1000 դրամի մոմ էր գնել, որ ինչքան հնարավոր է երկար շփվենք, անընդհատ վառում էր մոմերը: Այդ օրը մի քանի րոպե ենք շփվել»,-«Փաստի» հետ զրույցում անթաքույց ժպիտով Վարդուհին հիշում է իր ու Սիփանի ծանոթության ու շփման առաջին օրերը:

Վարդուհին ասում է՝ ամեն անգամ Սիփանը Մեծամորից դեպի Սպիտակ բավականին երկար ճանապարհ էր անցնում, թեկուզ կես ժամով ապագա կնոջը տեսնելու համար: Նա արդեն հստակ որոշել էր՝ Վարդուհին իր կինն է լինելու: Վարդուհու և Սիփանի նշանադրության և ամուսնության օրերին էլ զույգը բավականին դժվարություններ է հաղթահարել: Ուրիշ բան չմտածեք, բոլորը կողմ են եղել նրանց միությանը, սակայն սկզբում հաղթահարել են եղանակային պայմանները՝ ցուրտ ու ձնառատ ձմեռ, հետո հարսանեկան իրարանցումն է սկսվել: Հիմա Վարդուհին անասելի ջերմությամբ է պատմում այդ օրերի մասին՝ նաև այդ կերպ ապրեցնելով Սիփանին: 2013 թ. հունվարին Սիփանը և Վարդուհին ընտանիք են կազմում, որդի և դուստր ունենում:

«Սիփանը շատ ընկերասեր էր: Ասում են՝ տղաները պատերազմ գնացին հողի համար, հայրենիքն էր կանչում, Սիփանը նաև ու առաջին հերթին իր ընկերների համար գնաց: Սիփանը պայմանագրային զինծառայող էր, 7 տարի ծառայեց Մերձավանի զորամասում՝ որպես կապավոր: Կապի զորամասը, այսպես ասենք, դիրք պահող չէր: Պատերազմի ժամանակ մինչև հոկտեմբերի 24-ը տուն չեկավ, զորամասում շուրջօրյա հերթապահություն էին իրականացնում: Վստահություն ունեի, որ իրենց չեն տանի պատերազմ, դա այն ժամանակահատվածն էր, երբ Արցախից տղաներին հետ էին բերում «ֆուռերով»:
 
 
Սիփանը դա տեսել էր, հստակ գիտեր, թե ուր է գնում: Եթե սկզբում բոլորս կարծում էինք, որ պատերազմը շուտ կավարտվի, չէինք պատկերացնում շատ բան, բայց Սիփանի մեկնելու ժամանակ արդեն շատ բան էինք տեսել: Հատկապես Սիփանը, որ զինվորական ծառայության մեջ էր: Երբ հարցնում էի՝ կգնա՞ս, պատասխանում էր՝ այո, իմ արյունը մյուսների արյունից կարմի՞ր է, բա՞ ընկերներս, բա՞ տղերքը»:

Սիփանի խմբից երկու տղա է զոհվել: «Տղաներից մեկի հայրիկը Սիփանին ասել էր՝ չթողնեք իրար, հանկարծ Կոլոյին մենակ չթողնես»:

Սիփանը չի գալիս տուն հրաժեշտ տալու, Վարդուհին նեղանում է, բայց ամուսինն ասում է՝ հետևիցս լացելու էիր: Տղաներն ուղևորվում են Մատաղիս: Սիփանը հանգստացնում է ընտանիքին՝ մենք կապի զորամասն ենք, մեզ առաջնագիծ չեն տանում: «Կապը շատ վատն էր, չէինք կարողանում խոսել իր հետ, մեկնելու օրվանից սկսած միայն նոյեմբերի 8-ին է զանգել: Եկեղեցում էի, դուրս եկա, երկար խոսեցինք, հետո ծնողներին զանգեց: Իսկ հետո եկավ չարաբաստիկ օրը: Հրադադարից երկու ժամ առաջ է զոհվել Սիփանը:

Գիտեինք, որ մինչև ժամը վեցն ամեն ինչ նորմալ է եղել, 6-ից մինչև 8-9-ն ընկած ժամանակահատվածում իրենց դեպքը եղել է: Կոլոն Սիփանին ասել է՝ գամ, քո հետ նույն շելում քնեմ, ոնց որ միշտ, բայց այդ օրը Սիփանը չի թողել: Թե Աստծուց է եղել, թե ինչ, բայց չի թողել Կոլոն իր հետ մնա: Դրանից մի ժամ հետո գրադը հարվածում է, շելը պայթեցնում: Հենց այդ ժամանակ էլ իրենց խմբի երկու տղաները զոհվում են՝ Սիփանը և Նորայրը»:

Հրադադար կնքվեց, Վարդուհին դեռ չգիտեր, որ ամուսինը զոհվել է, ուրախանում էր, որ տղերքը վերադառնալու են: Բայց Սիփանի փոխարեն նրա մահվան բոթն է հասնում ընտանիքին: Որևէ մեկը չէր համարձակվում լուրը հայտնել ընտանիքին, բայց ստիպված էին. «Այդ շելը կրակի տակ է եղել, բայց 18 տարեկանները դուրս են բերել Սիփանի մարմինը: Ինքը մեզ շուտ «հասավ», ինձ մի փոքր սփոփում է այն, որ տեսել եմ իրեն, դեմքը բաց էր, երբ իրեն հուղարկավորեցինք»: Սիփանից հետո Վարդուհուն երեխաները և Աստված են ուժ տալիս:

«Տղերքն այսօր Աստծո մոտ են: Կարող ես 90 տարի էլ ապրել, բայց Աստծուն չարժանանաս, տղերքն արժանացան Աստծուն: Մեր տղան շատ ծանր տարավ հայրիկի կորուստը ու դրանով նաև մեզ սթափ պահեց, որ հանկարծ չկոտրվենք: Մեզ մոռացանք մի տեսակ: Գիտեմ, որ պետք է ուժեղ լինեմ երեխաներիս համար»:

Հ. Գ. - Սիփան Մելոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Մեծամորի պանթեոնում:

Հոդվածն ամբողջությամբ`թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին