Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍ փոխնախարարը կարևորել է դանիական կողմի հետ համատեղ ծրագրերի իրականացումը

28 Մարտ, 2023 12:11
ԿԳՄՍ փոխնախարարը կարևորել է դանիական կողմի հետ համատեղ ծրագրերի իրականացումը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Դանիայի Թագավորության դեսպան Անն Թովթ Սորենսենին:

Ողջունելով դեսպանին՝ Արթուր Մարտիրոսյանը վստահություն է հայտնել, որ արդյունավետ համագործակցության և համատեղ ջանքերի արդյունքում հայ-դանիական հարաբերությունները զարգացման նոր փուլ կմտնեն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նախարարության համակարգման ոլորտներում դանիական կողմի հետ համատեղ ծրագրերի իրականացումը և այդ ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու պատրաստակամություն հայտնել. «Մեզ համար առաջնահերթություն է բոլոր ուղղություններով բարեփոխումների իրականացումը: Այդ գործում կարևորում ենք նաև Դանիայի հետ սերտ համագործակցությունն ու փորձի փոխանակումը: Պատրաստակամ ենք գործընկերային հարաբերություններն ակտիվացնել՝ դարձնելով դրանք առավել արդյունավետ»:

Արթուր Մարտիրոսյանը նաև նշել է, որ հայ-դանիական հարաբերություններում առկա է մեծ ներուժ՝ համատեղ գիտական, կրթական, միջբուհական, հետազոտական և ուսանողական ծրագրեր իրականացնելու համար:

Կարևորելով համագործակցությունը երիտասարդության ոլորտում` նախարարի տեղակալը դեսպանին տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության 2021-2026 թթ. ծրագրով նախատեսված է մինչև 2026 թվականը ՀՀ ամբողջ տարածում ունենալ 25 երիտասարդական կենտրոն, և որ դրանցից երկուսը՝ մեկը Իջևանում և մյուսը՝ Մեղրիում, շուտով կհանձնվեն շահագործման: Նա հույս է հայտնել, որ այս ուղղությամբ ևս կարող են երկկողմ համագործակցության ծրագրեր մշակվել:

Անն Թովթ Սորենսենը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ ուրախ է Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորության համար և շեշտել, որ դանիական կողմը ևս պատրաստ է ընդլայնելու համագործակցության շրջանակը:

Կողմերը քննարկել են նաև Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության միջև մշակույթի ու արվեստի ոլորտներում համագործակցության հնարավորությունները: Կողմերն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի:

 

 

Լրահոս

Դիտել ավելին