Կարևոր իրադարձություններ

«Ալցհայմերի խնամք Հայաստան»-ի հետ համատեղ մշակվել է դեմենցիայի կանխարգելման ազգային պլանը

28 Մարտ, 2023 11:01
«Ալցհայմերի խնամք Հայաստան»-ի հետ համատեղ մշակվել է դեմենցիայի կանխարգելման ազգային պլանը

«Ալցհայմերի խնամք Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ ՀՀ առողջապահության նախարարին կից ստեղծված աշխատանքային խումբը Ալցհայմերի միջազգային կազմակերպության աջակցությամբ մշակել է Դեմենցիայի կանխարգելման ազգային պլանը։ Հայաստանն այսօր ունի այդ փաստաթուղթը, և դա ամենահզոր գործիքն է, որի միջոցով հնարավոր է որակապես ավելի բարձր մակարդակի հասցնել հիվանդների խնամքն ու աջակցությունն ամբողջ երկրում։ Ավելի քան մեկ տարի պլանի մշակման աշխատանքներում ներգրավված են եղել բժիշկներ, հոգեբաններ, սոցիոլոգներ:

Դեմենցիայի կանխարգելման ազգային պլանով և գործողությունների ծրագրով սահմանված են այն միջոցառումները, որոնք անհրաժեշտ են իրականացնել կանխարգելելու համար դեմենցիայի հետագա խորացումը Հայաստանում, բարձրացնելու հիվանդության վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը տարեցների և ընտանիքների անդամների շրջանում: Փաստաթուղթը ներառում է նաև աշխատանքների կատարման ժամանակահատվածները և փուլերը։

Դեմենցիան համապարփակ տերմին է մի շարք հիվանդությունների համար, որոնք հիմնականում պրոգրեսիվող են, ախտահարում են հիշողությունը, այլ ճանաչողական կարողությունները և վարքը, և որոնք էապես խանգարում են մարդու առօրյա կյանքի գործունեությունը պահպանելու կարողությունը։ Ալցհայմերի հիվանդությունը դեմենցիայի ամենատարածված ձևն է և կարող է հանդիսանալ դեպքերի 60-70%-ի պատճառ: Ուղեղի առողջապահության ծրագրի շրջանակում անցկացրած մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ սրանք Հայաստանի համար լրջագույն խնդիրներ են։

«Ալցհայմերի խնամք Հայաստան»-ը Առողջ ուղեղի հայկական ծրագրի շրջանակում, Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում իրականացնում է հիշողության թեստավորումներ 40-ից բարձր տարիքի անձանց համար՝ բացահայտելու դեմենցիայի վաղ դրևսորումները, ինչպես նաև ուղղորդելու ճիշտ խնամքի և ապրելակերպի կազմակերպման համար։ Առողջ ուղեղի հայկական ծրագրի շրջանակում մեր մասնագետները թեստավորել են ավելի քան 4000 մարդու։

Մեր աշխատանքի արդյունքում կատարվող հետազոտությունների նախնական արդյունքները վկայում են, որ դեմենցիան և դրա վաղ հայտնաբերումը կարևորագույն խնդիր է մեր երկրի համար։

 

Լրահոս

Դիտել ավելին