Կարևոր իրադարձություններ

Քար ենք, դիմացանք. մեր ավագ որդին մեզ ապրելու ուժ տվեց. զույգ եղբայրները նահատակվել են Ջրականում. «Փաստ»

28 Մարտ, 2023 09:05
Քար ենք, դիմացանք. մեր ավագ որդին մեզ ապրելու ուժ տվեց.  զույգ եղբայրները նահատակվել են Ջրականում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վահեն և Էդգարը զույգ եղբայրներ են: «Արտաքինով իրենք շատ նման էին, ոչ ոք իրենց չէր տարբերում, երևի թե միայն ես՝ առաջինը՝ հայացքից ու թեք ժպիտներից: Բայց բնավորությամբ շատ տարբեր էին: Էդգարս հանգիստ էր, համեստ, Վահեն՝ ճարպիկ, աշխույժ, կարծես մեկը մյուսին լրացներ: Վահեն «չէ» բառը չուներ, երբեմն մի գործ էր լինում, մտածում էիր, որ իր ուժերից վեր է, բայց անում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Արմինեն՝ տղաների մայրիկը:

Տղաները մինչև 9-րդ դասարանը սովորել են Հրազդանի Խ. Աբովյանի անվան թիվ մեկ դպրոցում: Հաճախել են նաև Արամ Խաչատրյանի անվան երաժշտական և Կոստան Զարյանի անվան արվեստի դպրոցներ: «Երաժիշտներ էին: Հրազդանում ինչ միջոցառում լիներ՝ մարզային, քաղաքային, մասնակցում էին: Պատվոգրեր, դիպլոմներ, առաջին մրցանակներ ունեն: Դպրոցում լավ չեն սովորել: Հերթով էին դասերը սովորում, մի օր մեկն էր սովորում, մի օր՝ մյուսը: Հետո գալիս էին տուն ու վիճում՝ ես քո փոխարեն 8 կամ 9 եմ ստանում, իսկ դու իմ տեղը կանգնում ես ու ասում՝ դասս չեմ սովորել: Երբ իրար կողքի էին, անընդհատ վիճում էին, բայց իրարից հեռու անգամ հինգ րոպե մնալ չէին կարողանում»,-պատմում է զրուցակիցս:

Տղաները իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել են Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական քոլեջ՝ դուդուկի և կլառնետի բաժինը. «Իրենց ապագան կապում էին երաժշտության հետ, դա՝ անխոս: Երբ ընդունվեցին քոլեջ, սկսեցին նաև աշխատել: Իրենց գրպանի գումարը միշտ ունեին, մեզ նեղություն չէին տալիս: Երբ Էդգարս ասում էր՝ վաղը գործի եմ, գիտեի, որ տխուր առիթի պետք է գնա, դուդուկ էր նվագում, իսկ երբ Վահեն էր ասում, որ գործի է, ասում էի՝ կլառնետով քեֆ-ուրախության է գնում»:

Տղաները զինվորական ծառայության են զորակոչվել 2019 թ. հունվարի 10-ին: Ծառայում էին Կապանում: Երբ հարցնում եմ, թե ինչպիսին էր նրանց տրամադրվածությունը զինվորական ծառայությանը, մայրիկը վերհիշում է մի քանի տարվա վաղեմության իրադարձությունները: «Իրենք 2000 թ. հուլիսի 26-ին են ծնվել: Ամառվա զորակոչի ժամանակ մինչև հունիսի 30-ը ծնվածներին էին բանակ տանում: Գնացել էին զինկոմիսարիատ, դիմում գրել, որ ուզում են շուտ մեկնել ծառայության, հետո պապային ուղարկեցին նախարարություն դիմում գրելու, որ ամառվա հավաքին գնան: Շատ էին ուզում ծառայել: Բայց իրենց ասել էին, որ իրավունք չունենք 18 տարեկանը չլրացած բանակ զորակոչել, ու զորակոչվեցին ձմեռվա հավաքին: Մի դեպք էլ այդ օրերին հիվանդանոցում էր պատահել: Իրենց միշտ ու բոլոր տեղերում շփոթում էին:

Նախքան մեկնելը գնացել էին հիվանդանոց պատվաստման: Տղաներից մեկը մտնում է սենյակ, պատվաստվում, դուրս գալիս, հետո մյուսն է ներս մտնում, բժշկուհին բարկանում և դուրս է հանում սենյակից՝ ես քեզ նոր պատվաստեցի: Այդ օրը եկան տուն՝ մա՛մ, պաչի մեզ, առողջ տղերք ունես, գրել են՝ պիտանի ենք ծառայության: Բայց հետո իրենք ամեն մեկը մի թուշս պաչեց: Երդման արարողությանը գնացինք Կապան, դեռ մեկ ամսվա ծառայող էին, մեզ պատվոգիր տվեցին՝ դաստիարակված, կարգապահ զինվորներ բանակ ուղարկելու համար:

Վահես սիրում էր ասել՝ մա՛մ, մենք ուրիշ ենք: Իրենց գործիքները տարել էին, ամեն միջոցառման ժամանակ նվագում էին: Բանակի օրվա կապակցությամբ «Թռչեի մտքով տուն» համարն էին պատրաստել, այնքան լավ էր ստացվել, որ Կապանի մի քանի դպրոցներում, նաև Մշակույթի տանը կազմակերպվող միջոցառումների ժամանակ այդ համարով իրենց հրավիրում էին մասնակցելու: Հրամանատարը Էդգարիս 10 օրով արձակուրդ էր տվել, բայց նա էլ ասել էր՝ Վահեին էլ կտաք արձակուրդ, միասին կգնանք: Բայց հետո համավարակը սկսվեց, ու այդպես էլ չկարողացան գալ»:

Եղբայրները «Գրադ» համակարգի վարորդներ էին. «Շատ սիրում էին այդ մեքենաները: Վահեն ասում էր՝ չեմ թողնում փոշի նստի մեքենայի վրա: Հրամանատարն էր նաև պատմում, որ եթե իրեն զեկուցում էին, որ ինչ-որ աշխատանք զույգերին են հանձնարարել, կարող էր հանգիստ լինել, որ ամեն ինչ կարվի հավուր պատշաճի»: Վահեն և Էդգարը տարվա մեջ երկու անգամ գնում էին Ջրական զորավարժությունների: «Ասացին՝ մա՛մ ջան, սա վերջինն է, գնում ենք, գանք ու արդեն տանն ենք: Չէին սիրում, որ իրենց ծառայության օրերը հաշվում էինք, բայց երբ գնացին Ջրական, հենց իրենք ասացին՝ մա՛մ, մնացել է 100 օր, կարող ես հետհաշվարկ անել: Սեպտեմբերի 4-ին ուղևորվում են Ջրական զորավարժությունների համար: Զորավարժությունների ժամանակ կոնկրետ զորամասում չէին լինում, անտառներում էին վրաններ տեղադրում: Պատերազմի ժամանակ այնտեղ էին:

Դեպքը եղել է հոկտեմբերի 1-ին: Հարվածում են Վահեիս մեքենային: Չորս հոգանոց անձնակազմը մնում է առանց մեքենայի: Էդգարին էլ տեղեկացնում են, որ անօդաչուն ֆիքսել է ձեր տեղը, Վահեին ու իր անձնակազմին ճանապարհից վերցրեք ու ձեր տեղը փոխեք: Բոլորով մեկ մեքենայի մեջ են լինում, անօդաչուն հարվածում է: Տղաներից միայն մեկ հոգի է ողջ մնացել, հենց նա էլ որոշ մանրամասներ է պատմել, ասում է՝ չէինք պատկերացնում, թե ինչ է կատարվում: Անգամ պատմում էր, որ երբ Վահեի մեքենային խփել են, ասել է՝ մեքենաս նոր էի լվացել, գնամ, տեսնեմ, հո շատ չի վնասվել: Մենք էլ, երբ զանգում էինք, ասում էին՝ մա՛մ, երրորդ գիծ ենք, կռվի մեջ չենք, մենք էլ մի տեսակ հանգիստ էինք»: Հոկտեմբերի 2-ին տղաներն արդեն «տանն» էին»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին