«Փաստ» օրաթերթը գրում է.
«Դեռևս 15-րդ դարից միջազգային քրեական դատարան ստեղծելու փորձեր են եղել՝ հաշվի առնելով միջազգային հանցագործությունների կանխարգելման անհրաժեշտությունը, սակայն մինչև 20-րդ դարը այդպես էլ դրա համար նախատեսված առանձին կառույց չի կազմավորվել։ 1990-ական թվականներին գործած միջազգային տրիբունալները (նախկին Հարավսլավիայի գործով միջազգային քրեական տրիբունալը և Ռուանդայի գործով միջազգային քրեական տրիբունալը) միջազգային հանրությանը ցույց տվեցին, որ միջազգային հանցագործությունների հետ կապված գործերի քննության համար հարկավոր է ստեղծել առանձին ու մշտական դատարան։
Կան բազմաթիվ երկրներ, որոնք ստորագրել են Հռոմի ստատուտը, սակայն մինչ այժմ չեն վավերացրել, այդ թվում՝ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը։ Միայն 123 պետություն է վավերացրել այն։ Հայաստանը Հռոմի կանոնադրությունը ստորագրել է դեռևս 1999 թ. հոկտեմբերի 1-ին, սակայն այդպես էլ չի վավերացրել։ 2020 թվականից սկսած Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի ու տարածքների օկուպացման փաստերով պայմանավորված՝ Հայաստանը որոշել է սկսել Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը։ Եվ ահա, ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 24ին որոշում կայացրեց, համաձայն որի, Հայաստանի միացումը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։
Մնում է միայն, որ փաստաթուղթը վավերացվի Ազգային ժողովի կողմից և ուժի մեջ մտնի։ Մասնագետների կարծիքով, Միջազգային քրեական դատարանին անդամակցելը Հայաստանին հնարավորություն կտա պատասխանատվության կանչել Ադրբեջանին՝ այդ երկրի կողմից իրագործված միջազգային հանցագործությունների համար։ Սակայն թե ինչքանով իրագործելի կարող են լինել Միջազգային քրեական դատարանի որոշումները, դժվար է ասել։ Ադրբեջանն անգամ չի իրագործում ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ այն դեպքում, երբ այս դատարանի որոշումները միջազգային իրավունքի համաձայն պարտադիր են կատարման համար։ Մյուս կողմից էլ՝ զարմանալի չէ, որ Հռոմի ստատուտը վավերացնելու գործընթացից խանդավառված են հատկապես արևմտյան դրամաշնորհներով սնվողները»։
Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում: