Կարևոր իրադարձություններ

Հայաստանի վրա նման կերպ դուռ շրխկացնող բոլոր մարդկանց մեկ բան պետք է ասել՝ գնաք բարով. Ստյոպա Սաֆարյան

27 Մարտ, 2023 23:41
Հեղինակ՝ Ստյոպա Սաֆարյան
Հայաստանի վրա նման կերպ դուռ շրխկացնող բոլոր մարդկանց մեկ բան պետք է ասել՝ գնաք բարով. Ստյոպա Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Արդեն անհանդուրժելի է, և Հայաստանի վրա նման կերպ դուռ շրխկացնող բոլոր երգիչներին, դերասաններին, մարզիկներին ու տարատեսակ գործիչներին ուղղակի մեկ բան պետք է ասել. գնաք բարով, որպես հայ մարդ թող հաջողությունը ձեզանից անպակաս լինի, բայց դուռը դրսից ծածկեք, ձեր հետ տարեք նաև ձեր մեդալները, կեղծ ու պաթոսային հայրենասիրությունը, որովհետև պարզ է, որ ձեզ պետությունն ու եռագույն դրոշը պետք էին միայն դրա անվան տակ հանդես գալու համար: Ոչ ավելին: Այդ եռագույնի արժեքն իմացող մարդը նման տեքստեր չի արտաբերում, չի էլ մտածում, որովհետև հայրենիքի ու քաղաքացու հարաբերությունը որքան էլ ցանկալի է, որ սիմետրիկ ու համաչափ լինի, միևնույնն է՝ այդպիսին չէ: Ու ոչ միայն մեր, այլ շատ երկրներում այնքան մարդ, մասնագետ կա չգնահատված, որ դուք առաջինն ու վերջինը չեք, որ նման "բացառիկ" լացուկոծ կապեք՝ "ինձ համար ուժեղ համակարգիչ չառան, որ խաղամ", "իմ մայրիկին գործից հանեցին, էլ չեմ խաղա", կամ "4 միլիոն տվեցին, պետք է 44 միլիոն տային..." Բա ինչ ասեն այն մարդիկ, ում իրենց պետությունը չի կարողացել ու չի կարողանում պաշտպանել... Դուք հետ չե՞ք շրջվում ու նայեք, որ նրանցից շատերը իրենց պետությունն այսպես չեն անարգում, ինչպես դուք եք անում, երբ գոնե դուք ինչ-որ բան ստացել եք՝ փառք, կարգավիճակ... Նման տեքստեր տեղադրելուց առաջ գոնե հիշեիք, որ այդ այլ երկրում տեղ ունեք, որովհետև հռչակ ձեռք եք բերել Հայաստանի Հանրապետության անվան տակ ու Հայաստանի ժողովրդի երկրպագությամբ ու սատարումով...

Երջանկահիշատակ Վանո Սիրադեղյանը հայ-ռուսական հարաբերությունների համար շատ դիպուկ է ձևակերպել. միակողմանի սերը ողբերգություն է: Այո, մեր միակողմանի սերն էլ ձեր հանդեպ վերածվեց ողբերգության»:

Հիշեցնենք, որ ԿԳՄՍՆ-ն անդրադարձել է բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանի մեղադրանքներին։

 

Լրահոս

Դիտել ավելին