Կարևոր իրադարձություններ

Այնքան երազանքներ ուներ. մինչև խոր ծերություն պլանավորել էր, թե ինչ է անելու. «Փաստ»

25 Մարտ, 2023 09:29
Այնքան երազանքներ ուներ. մինչև խոր ծերություն պլանավորել էր, թե ինչ է անելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

««Արթուրս շատ համեստ, խելոք երեխա էր, միևնույն ժամանակ՝ ակտիվ, կատակասեր: Երբ դպրոց գնաց, մայրենիի ու անգլերենի այբուբենը գիտեր: Մինչև չորրորդ դասարանը գերազանց սովորեց, հետո մի փոքր թերացավ ուսման հարցում. ամուսինս վթարի ենթարկվեց, անընդհատ հիվանդանոցում էի, և տան հոգսը մնաց Արթուրի ուսերին: Երկուերեք տարի հետո առաջադիմությունը վերականգնեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Արթուրի մայրիկը՝ տիկին Տաթևիկը: Հավելում է՝ նրա համար չեմ գովում, որ իր որդին է, ցանկացած մեկին եթե հարցնենք Արթուրի մասին, լավագույն հատկանիշներով կնկարագրի նրան:

Որդին նաև ազգագրական պարեր էր պարում, բազմաթիվ փառատոնների է մասնակցել, մեդալների ու պատվոգրերի արժանացել, Վրաստանում փառատոնի ժամանակ 75 երկրի մեջ իրենց խումբը երրորդ տեղն է գրավել: Տարիքային երկու խմբում էր պարում, փոքրերի դեպքում առաջինն էր շարքում, իսկ մեծերի հետ պարելիս՝ վերջինը. «Շատ սիրուն էր պարում, ոտքերը գետնին չէին դիպչում, կարծես օդի մեջ պարեր: Շարժումները յուրահատուկ էին: Միշտ ասում էի՝ Արթուրիս աստղն ամեն տեղ փայլում է, ամեն տեղ աչքի է ընկնում»: Ծնողները շատ էին ցանկանում, որ Արթուրի համար պարը նաև մասնագիտություն դառնա, բարձրագույն կրթություն ստանա:

Բայց Արթուրն այլ պլաններ ուներ. «11-րդ դասարանում էր սովորում, երբ ասաց՝ ուզում եմ ընդունվել Տնտեսագիտական համալսարանի «Կառավարում ըստ ոլորտի» բաժին: Երբ իրեն հարցնում էին՝ Արթո՛ւր ջան, բա վերջում ի՞նչ ես դառնալու, պատասխանում էր՝ բանկի կառավարիչ, կգաք մոտս, ձեզ կօգնեմ: Ինչ նպատակ իր առջև դնում էր, պետք է իրագործեր: Սկսեց դպրոցին զուգահեռ անգլերեն, հայոց լեզու և մաթեմատիկա պարապել: Ամբողջ օրը կարդում ու գրում էր: Ուզում էր զուգահեռ նաև Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվել «Պատիվ ունեմ» ծրագրով: Այդ տարի մեկ քննությամբ էին բուհ ընդունվում, իր ընտրած բաժնում կարևորը մաթեմատիկայի քննությունն էր: Քննությունը հանձնեց, 14 միավոր հավաքեց, այն բավարար չէր «Պատիվ ունեմ» ծրագրին մասնակցելու համար»: Արթուրը կարող էր տարկետում ստանալ, սակայն չի համաձայնել. «Շուտ գնամ, շուտ կգամ, հետո կսովորեմ:

Ուզում էր նաև ԴՕՍԱԱՖ-ում սովորել, վարորդական իրավունք ունենալ, հայրիկն ասաց՝ բայց կհասցնե՞ս: Պատասխանեց՝ միայն քո համաձայնությունը տո՛ւր, կանեմ: Ընդամենը հինգ օրվա մեջ վարորդական իրավունքը ձեռքին եկավ տուն… Այնքան երազանքներ ուներ, մինչև խոր ծերություն պլանավորել էր, թե ինչ է անելու: Փոքր եղբոր համար էլ ասում էր՝ թող պարապի, բանակից կվերադառնամ, հետս քաղաք կտանեմ: Հավատում եմ, որ տղաներս կհասնեն իրենց երազանքներին»: Արթուրը բանակ է զորակոչվել 2020 թ. հուլիսի 29-ին, ծառայությունն անցնում էր Մարտակերտում՝ որպես վարորդ:

«Շատ ուրախ է մեկնել ծառայության, միշտ ասում էր՝ տղեն պետք է ծառայի, դժվարությունների միջով անցնի»: Իսկ հետո սկսվեց պատերազմը: «Մինչ այդ ամեն օր զանգում էր մեզ: Սեպտեմբերի 26-ի երեկոյան զանգեց, երկար խոսեց բոլորի հետ: Ինձ հետ առանձին էլ խոսեց ու անընդհատ կրկնում էր՝ մա՛մ ջան, հնարավոր է, մի 4-5 օր չզանգեմ, չանհանգստանաս, ամեն ինչ նորմալ է: Հետո էլ՝ կանչում են շարվելու, գնացի, բարի գիշեր, մա՛մ ջան: Ու անջատեց հեռախոսը:

Սիրտս մի տեսակ ճմլվեց, ուզում էի լաց լինել, բայց ոչինչ չբարձրաձայնեցի: Դա եղավ մեր վերջին զրույցը: Արթուրս պատերազմի առաջին զոհերից է: Սեպտեմբերի 27-ի առավոտյան արթնացանք, պատերազմ էր սկսվել, դեռ չգիտեի, որ այդ պատերազմն իմ տուն է մտել, իմ երեխեն արդեն չկա: Ժամը 7:25-ին՝ ռմբակոծության ժամանակ, Մարտակերտի 5-րդ պաշտպանականում երեխեքին ասել էին մտեք նկուղները, վազել էին, բայց նկուղների դռներին կողպեքներ են եղել: Հետո ասել են՝ վազեք դեպի շելերը (հողին հավասար գետնափոս՝ գերաններով ծածկված, երկու կողմից մուտք ու ելքով-խմբ.): Զորամասի դիմաց 11 շել է եղել, դրանցից մեկին անօդաչուն հարվածել է, և այն պայթել է: 29 զինվոր է ներսում եղել, 28-ը տեղում զոհվել են: Երեխեքը զոհվում էին, բայց ոչ մի անուն ու տվյալ չէր հրապարակվում:

Ամեն տեղ զանգում էինք, բայց Արթուրի անունը ոչ մի ցուցակում չկար: Ասում էին՝ եթե զոհվածների ցուցակում անունը չկա, հանգիստ եղեք, շատերն անտառներում են, բունկերներում, կապի չեն կարողանում դուրս գալ: Մեզ հույս էինք տալիս, իսկ ես էլ ասում էի՝ Արթուրիս աստղը փայլում է, Արթուրիս չի կարող բան պատահել: Բայց հոգուս ամենախորքում երևի զգում էի մի բան, ուղղակի չէի ուզում հավատալ»: Արթուրի տուն «վերադարձի» մասին կար ե լի է ֆիլմ նկա րել՝ ան վեր ջ ա ն ա լ ի փնտրտուքների, սպասման, կարոտի ու ցավի մասին մի երկարամետրաժ ֆիլմ կստացվի, որը չեն կարողանա դիտել թույլ նյարդեր ունեցողները: Մեր ծավալուն զրույցի ընթացքում մոտ 40 րոպե Արթուրի մայրիկը միայն այդ մասին խոսեց՝ վերապրելով հետպատերազմական օրերը, պատմելով ու դիահերձարաններում ու հիվանդանոցներում որդուն մտովի փնտրելով, պատմեց, թե ինչպես է ինքը 100-օրյա փնտրտուքներից հետո դիահերձարանում որդու մարմինը ճանաչել: Եվ ինչպես են 2021 թ. հունվարի 9-ին Աստղաձորում հուղարկավորել Արթուրին»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին