Կարևոր իրադարձություններ

Ինչպես է միջազգային իրավունքի խեղումը ճանապարհ բացում նորանոր հանցագործությունների համար. «Փաստ»

21 Մարտ, 2023 08:00
Ինչպես է միջազգային իրավունքի խեղումը ճանապարհ բացում նորանոր հանցագործությունների համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արցախում հումանիտար ճգնաժամը շարունակում է խորանալ։ Երեք ամսից ավելի է, ինչ Լաչինի միջանցքը փակ է, արցախահայության հիմնական ու ամենատարրական իրավունքները խախտված են, սակայն միջազգային հանրությունը գործուն քայլեր չի ձեռնարկում հումանիտար ճգնաժամի խորացումը կանխելու ուղղությամբ։ Ճիշտ է՝ տարբեր միջազգային սուբյեկտների կողմից Ադրբեջանին ուղղված հայտարարություններ և կոչեր են հնչում Լաչինի միջանցքի ապաշրջափակման հետ կապված, սակայն դրանք առանց պարտադրող գործիքակազմի այդպես էլ մնում են դեկլարատիվ մակարդակում։

Անգամ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը, որը հայտնի է նաև Հաագայի դատարան անվանումով, բավարարեց Հայաստանի առանցքային պահանջը` կապված Լաչինի միջանցքի ապաշրջափակման հետ, և պարտավորեցրեց Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Իսկ դրանից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հատուկ շեշտեց, որ Արդարադատության միջազգային դատարանի որոշումները ենթակա են պարտադիր կատարման: Այնուամենայնիվ, Ադրբեջանը ոչ միայն չի կատարում դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումը, այլև մտադիր էլ չէ կատարել ու այն մեկնաբանում է այնպես, ինչպես միայն իրեն է ձեռնտու։

Մյուս կողմից էլ՝ միջազգային կառույցներն ի վիճակի չեն համապատասխան արձագանք տալ Ադրբեջանի կողմից իրագործվող մյուս հանցագործություններին՝ գերիների ու քաղաքացիական բնակչության սպանություններից ու խոշտանգումներից սկսած, հայկական մշակութային ժառանգության ոչնչացումով վերջացրած։ Նույնիսկ որևէ վճռական արձագանք չկա Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքների օկուպացիային պատշաճ կերպով արձագանքելու վերաբերյալ։ Ավելին՝ Ադրբեջանի բռնապետական ու հանցագործ ռեժիմին պատժամիջոցների թիրախ դարձնելու փոխարեն Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներն Ալիևին համարում են վստահելի գործընկեր ու խնդրում են, որ ավելացնի Եվրոպա արտահանվող գազի ծավալները։

Արդյունքում Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային իրավունքների բոլոր նորմերը, սակայն դրանք ոչ մի հետևանք չեն ունենում։ Այս ամենը հանգեցնում է նրան, որ աստիճանաբար հեղինակազրկվում են միջազգային ուժային կենտրոնները, մասնավորաբար Հաագայի դատարանը, որի որոշումը, փաստորեն, գրոշի արժեք անգամ չունեցավ, ավելին՝ չկատարման համար ոչ մի պատժամիջոց չհետևեց: Հիմա էլ հերթական որոշումն է ընդունվել, որը, հասկանալի է, որ նորից կյանքի չի կոչվելու: Դա պարզ էր ի սկզբանե: Խոսքն այն մասին է, որ Հաագայի դատարանը ՌԴ նախագահ Պուտինին ձերբակալելու սանկցիա է ուղարկել: Ռուսաստանի նախագահն արժանի է այդպիսի որոշման, թե ոչ, այլ հարց է: Այլ հարց է նաև այն, թե որքանով է նա ավելի մեծ հանցագործություններ կատարել (ինչպես գնահատում են արևմուտքում), քան ահաբեկչական երկրի ղեկավար Ալիևը»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին