Կարևոր իրադարձություններ

Եթե իմ աչքով իրեն չտեսնեի, չէի հավատա, որ կյանքից հեռացել է. «Փաստ»

18 Մարտ, 2023 09:20
Եթե իմ աչքով իրեն չտեսնեի, չէի հավատա, որ կյանքից հեռացել է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վահրամը պայմանագրային զինծառայող էր, 2020 թ.-ին լրանում էր զինված ուժերում ծառայելու երրորդ տարին, կրտսեր սերժանտ էր: Ծնունդով Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից է: Նրա մասին կինը՝ Շուշանն է պատմում: «Ծանոթացել ենք 2010 թ.-ին, հաջորդ տարի՝ ամուսնացել: Շատ ենք սիրել իրար, երկու տղա ունեցանք մեր համատեղ կյանքի ընթացքում»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Շուշանը: Հիշում է նաև ծանոթության օրերը:

«Երկուսս էլ Ապարանից ենք, հրավիրված էինք հարսանիքի: Մոտեցավ, պարի հրավիրեց, մերժեցի, հայրիկս կողքիս նստած էր»,- նշում է զրուցակիցս ու մտովի տեղափոխվում կյանքի մի ժամանակահատված, երբ բոլորն էին երջանիկ: Երկու տարվա ընկերությունից հետո էլ Շուշանն ու Վահրամն ընտանիք են կազմում:
 
«Մեր ընտանիքներն էլ էին մտերիմ, մեր հայրիկները միասին երկար տարիներ ծառայել էին Արցախում: Ամուսնուս ընտանիքում բոլորը կապված են զինվորական գործի հետ»: Կինն ամուսնու մասին խոսելիս ասում է՝ անդադար կարող եմ Վահրամի մասին միայն լավ բաներ ասել: «Շատ բարի սիրտ ուներ, հյուրասեր էր, նվիրվում էր բոլորին՝ բարեկամներին ու ընկերներին»:

Ամուսինները սկզբնական շրջանում ապրել են Մոսկվայում, Քառօրյա պատերազմից հետո տեղափոխվել Հայաստան: «Իր մեջ հայրենասիրությունն այնքան շատ էր, նույնը տեսել էր իր հայրիկից, հորեղբայրներից: Մոսկվայից վերադառնալուց հետո էլ անցավ պայմանագրային զինծառայության, ծառայում էր Քարվաճառում»:

Շուշանի հետ մտովի տեղափոխվում ենք պատերազմական օրեր: «Պատերազմից մեկ ամիս առաջ իր հանգստի ժամանակն էր, բայց չհանգստացավ, իրեն բարձրացրել էին դիրքեր: Բավականին ծանր աշխատանք էին կատարել: Սեպտեմբերի 25-ին եկավ, հաջորդ օրն ենք իրեն տեսել, սեպտեմբերի 27-ին տագնապով նորից դիրքեր բարձրացավ, պատերազմը սկսվել էր: 4 օր է Վահրամը պատերազմի մեջ եղել, սեպտեմբերի 30-ին դեպքը տեղի է ունեցել Քարվաճառում:

Գիտենք, որ այնտեղ անօդաչուի հարվածի միայն մեկ դեպք է եղել, Քարվաճառում զենքի կռիվ է եղել: Մի մետր հող չեն զիջել, գերի չենք ունեցել, ժամկետային զինծառայողներ չեն զոհվել՝ իմ ամուսնու նման բազմաթիվ տղերքի շնորհիվ: Դիրք էին գրավել, հրաման կար, որ պետք է բարձրանան այդ դիրքը, պահեն այն, մինչև մյուս տղաները հասնեն: Սխալ հրամանի, որոշման հետևանքով տղաները նստում են «ուրալները», անօդաչուն ֆիքսում է ու հարվածում: Ճիշտ է, Վահրամը մեքենայի մոտ չի եղել, հեռու է կանգնած եղել, բայց բեկորի մի փոքր կտոր թիկունքից վնասել է նրան, արնաքամ էր եղել: Երբ շտապօգնության մեքենան ցանկացել էր օգնության հասնել, նաև մեքենային էին հարվածել, բոլորը զոհվել էին»:

Վահրամը տուն է «վերադարձել» նույն օրը: «Կարծես ժպիտը դեմքին քնած լիներ: Եթե իմ աչքով իրեն չտեսնեի, չէի հավատա, որ զոհվել է»: Ձայնի մեջ անսահման կարոտ ու սեր ունեցող Շուշանը գտել է ապրելու իր բանաձևը: «Իմ տղաներն են ուժ տալիս, ամեն մեկի մեջ Վահրամը յուրովի կա: Ամեն մեկի մեջ իր բնավորության մի գիծը կա, յուրաքանչյուրի մեջ իրեն տեսնում եմ: Մեծ որդիս 10 տարեկան է, փոքրը՝ 9: Կարծես զույգ լինեն, իրարից անբաժան են: Երկուսն էլ շատ ծանր տարան հայրիկի կորուստը, շատ կապված էին նրա հետ: Մեր լեզվով ասած՝ պապայի պոչիկն էին, ուր գնար, իր հետ գնում էին: Սկզբնական շրջանում մեծ տղաս գերեզմաններ չէր գնում մեզ հետ, տանը որևէ մեկին չէր ուզում տեսնել, երբ հյուր էին գալիս:

Բայց քիչ-քիչ կարողացանք հաղթահարել ամեն ինչ, հիմա հասկանում է, թե ինչ է կատարվել: Կանգնում է հայրիկի նկարի մոտ՝ տան անկյունում, խոսում հետը, պատմում իր առօրյայի մասին: Տղաներս շատ հարցեր են տալիս, գալիս են, ասում՝ մա՛մ, հիշո՞ւմ ես, որ պապան նման բան ասաց, մա՛մ, հիշո՞ւմ ես, որ պապայի հետ այսինչ տեղը գնացինք»: Հիմա Շուշանը, որդիներն ու սկեսուրը միասին Ապարանում են բնակվում: «Երբեք հարս ու սկեսուր չէինք, մոր ու աղջկա նման էին մեր հարաբերությունները դեռ ամենասկզբից, այս ցավից հետո՝ առավել ևս: Երկու կին ենք տան մեջ, իրար թև ու թիկունք լինելով, իրար հույս տալով՝ մեծացնում ենք մեր տղաներին: Եթե երեխաները չլինեին, երևի կխելագարվեինք»»:

Հ. Գ. - Վահրամ Խաչատրյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Ապարանի պանթեոնում:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին