Կարևոր իրադարձություններ

Պետք է մշակել այնպիսի մեխանիզմ, որը կապահովի աջակցության արդարությունն ու թափանցիկությունը. ԱՀ պետնախարար

17 Մարտ, 2023 21:57
Պետք է մշակել այնպիսի մեխանիզմ, որը կապահովի աջակցության արդարությունն ու թափանցիկությունը. ԱՀ պետնախարար

Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 17-ին, խորհրդակցություն է անցկացրել Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարի ու նախարարության ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի լրատվական ծառայությունից։

Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ շրջափակման պայմաններում սպառած գազի և էլեկտրաէներգիայի դիմաց վճարները սոցիալապես անապահով բնակչության համար ծանր բեռ են և կառավարությունը, հատկապես ստեղծված իրավիճակում, համարժեք քայլեր կատարելու պատասխանատվություն պիտի ստանձնի:

«Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի շրջափակման հետևանքով մեր քաղաքացիները կորցրել են աշխատանքն ու հայտվել սոցիալական ծանր վիճակում: Անհրաժեշտ է մշակել աջակցության այնպիսի համակարգ, որը թույլ կտա որոշակի աջակցություն ցուցաբերել աշխատանքը կորցրած կամ բավարար եկամուտ չունեցող ընտանիքներին: Պետք է մշակել այնպիսի մեխանիզմ, որը կապահովի աջակցության արդարությունն ու թափանցիկությունը, հավասարությունը, կունենա խիստ նպատակային բնույթ և իրապես կուղղվի նրանց, ովքեր ունեն դրա կարիքը»,- ասել է Գուրգեն Ներսիսյանը:

Պետնախարարը շեշտել է նաև, որ վերջին շրջանում շատ դիմումներ է ստացել քաղաքացիներից այդ թեմայով, ինչը վկայում է խնդրի առկայության մասին: Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ անհրաժեշտ է մտածել աջակցության մասին, բայց դրանից պետք է օգտվեն միայն իրականում դրա կարիքը ունեցողները:

 

Լրահոս

Դիտել ավելին