Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը տեղի է ունեցել Ծաղկաձորում

17 Մարտ, 2023 15:47
ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստը տեղի է ունեցել Ծաղկաձորում

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստն այս անգամ անցկացվել է Ծաղկաձորում:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը ողջույնի խոսքում ընդգծել է, որ հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը հիմնված է երկու ժողովուրդների պատմականորեն հաստատված բարեկամական հարաբերությունների վրա:

«Մեր երկրները հետեւողականորեն զարգացնում են քաղաքական երկխոսությունը եւ ակտիվացնում համագործակցությունը տարբեր ոլորտներում: Երկու երկրների միջեւ երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում նշանակալի դեր ունի կառուցողական խորհրդարանական երկխոսությունը ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ միջազգային խորհրդարանական հարթակներում»,- ասել է ԱԺ փոխնախագահը:

ԱԺ փոխխոսնակն անդրադարձել է տարածաշրջանային անվտանգությանն ու առկա սպառնալիքներին, Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակմանը: Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի բնակչության կյանքի միակ ճանապարհն է, եւ ստեղծված իրավիճակում այնտեղ բնակվող շուրջ 120.000 հայ զրկվել է առաջին անհրաժեշտության ապրանքներից եւ ծառայություններից, այդ թվում` կենսական նշանակություն ունեցող դեղամիջոցներից եւ բժշկական օգնությունից:

«Պաշտոնական Բաքվի նման գործողությունները ոչ այլ ինչ են, քան հայերի` Լեռնային Ղարաբաղի բնիկ բնակիչների էթնիկ զտման քաղաքականության դրսեւորում: Ստեղծված իրավիճակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի կոպտագույն խախտում է: Միջանցքի երկայնքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի առանց հապաղելու: Այսօր առավել քան արդիական է միջազգային հանրության կողմից Ադրբեջանի վրա ճնշումը մեծացնելու անհրաժեշտությունը»,- ընդգծել է ԱԺ փոխխոսնակը: Նա այս համատեքստում կարեւորել է ռուսական խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման, ինչպես նաեւ Արցախում հումանիտար ճգնաժամի հաղթահարման գործում:

Հակոբ Արշակյանը հիշեցրել է, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները` ապահովելու Լաչինի միջանցքով անխոչընդոտ տեղաշարժը: «Ադրբեջանի անօրինական գործողությունները նպաստում են լարվածության աճին եւ խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատմանը: Մենք ընդգծում ենք միջազգային մեխանիզմների, այդ թվում` մոնիտորինգի մեխանիզմների գործարկման կամ վերսկսման անհրաժեշտությունը` ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները եւ անվտանգությունը»,- արձանագրել է նա:

Անդրադառնալով օրակարգային հարցերին` ԱԺ փոխնախագահը վստահեցրել է, որ քննարկումներն ու արված առաջարկներն արդյունավետ խթան կհանդիսանան համընդհանուր խնդիրների լուծման համար, իսկ համատեղ աշխատանքը կնպաստի ջանքերի միավորմանը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ խնդիրների լուծման գործում:

ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովն ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի ավանդական ռազմավարական գործընկերն է, եւ միջազգային հարաբերությունների գլոբալ փոփոխությունների ժամանակաշրջանում խորհրդարանականների միջեւ վստահելի փոխգործակցությունն առավել պահանջված է: Նրա խոսքով Հայաստանի եւ Ռուսաստանի փոխգործակցությունն օժանդակում է Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդմանը: Նա ևս կարեւորել է ռուս խաղաղապահների առաքելությունը տարածաշրջանում խաղաղության ապահովման, Լաչինի միջանցքի ապաշրջափակման գործում:

Ողջույնի խոսքում երկկողմ հարաբերությունների զարգացմանը, միջխորհրդարանական փոխգործակցությանը, ռազմավարական գործընկերությանը, խնդիրների համալիր լուծման առաջնահերթություններին ու իրականացվող քայլերին են անդրադարձել նաեւ Ռուսաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը և Հայաստանում Ռուսաստանի արտակարգ ու լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներն ու երկու երկրների գործադիր իշխանությունների ներկայացուցիչներն օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձել են հումանիտար եւ տնտեսական համագործակցության խնդիրներին ու ձեռքբերումներին, ինչպես նաև ռուս-հայկական համագործակցության հեռանկարներին` Հայաստանում ռուսերենի, իսկ Ռուսաստանում հայերենի տարածմանն ուղղված միջոցառումներին աջակցելու համատեքստում:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Բաբկեն Թունյանն անդրադարձել է տնտեսական համագործակցության խթանմանն ուղղված քայլերին, երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման հնարավորություններին, ֆինանսական շուկայի խնդիրներին: ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Սեյրան Օհանյանը խոսել է Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի մասին, ընդգծել ռուսական խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում խաղաղության պահպանման գործում: Անվտանգային լարված իրավիճակում ռազմատեխնիկական համագործակցության ուղղությամբ կողմերի ուժերը համատեղելու առաջարկ է հնչել:

Ներկայացվել են Հայաստանում ռուսերենի տարածմանն ուղղված քայլերը, կրթական միջոցառումները, գիտակրթական ոլորտում իրականացվող ծրագրերը, միջտարածաշրջանային փոխգործակցության ընդլայնման հեռանկարները: Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը նկատել է, որ Հայաստանում ռուսերենը մայրենի լեզվից հետո երկրորդ տեղն է զբաղեցնում: Նա կարեւորել է ռուսական կողմից 60.000 դասագրքեր Հայաստան ուղարկելու որոշումը, որը ռուսերենի խթանմանն ուղղված առանձնահատուկ քայլ կարող է լինել:

Ալեքսեյ Սանդիկովն ընդգծել է, որ գրքերի խմբաքանակով կբավարարվի Հայաստանում ռուսական հոսք ունեցող դպրոցների դասագրքերի պահանջարկը: Խնդիրը բարձրացվել էր նախորդ տարվա հոկտեմբերին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի այցի ժամանակ ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ընթացքում:

Զեկուցողները համոզմունք են հայտնել, որ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի աշխատանքը նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին:

Նիստի ավարտին Հայաստանի Տավուշի մարզի և Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Որոշվել է միջխորհրդարանական հանձնաժողովի 37-րդ նիստն անցկացնել Ռուսաստանի Դաշնությունում` Իրկուտսկում:

Նիստից հետո Հակոբ Արշակյանը և Յուրի Վորոբյովն ամփոփել են հանձնաժողովի նիստի աշխատանքները:

 

Լրահոս

Դիտել ավելին