Կարևոր իրադարձություններ

Կամ հրաժարականի դիմում կգրի, կամ Մոսկվայում նրան կտարհամոզեն. «Հրապարակ»

17 Մարտ, 2023 08:00
Կամ հրաժարականի դիմում կգրի, կամ Մոսկվայում նրան կտարհամոզեն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, մեր տեղեկություններով, առաջիկայում կրկին մեկնելու է Մոսկվա։ Հարությունյանը կարծում է, որ ինքն այլեւս անելիք չունի նախագահի պաշտոնում, եւ պատրաստվում է հրաժարական տալ։ ԱՀ քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ մոսկովյան այցը վճռորոշ կլինի այս հարցում՝ կա՛մ Մոսկվայում նրան կտարհամոզեն, կա՛մ նա կգա եւ հրաժարականի դիմում կգրի։

Հիշեցնենք, որ նախօրեին Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Սահմանադրության փոփոխության նախագիծը, համաձայն որի՝ Արցախում ռազմական դրության դեպքում նախագահ ընտրելու իրավունքը կվերապահվի Ազգային ժողովին։ Գործող Սահմանադրությամբ՝ նախագահի հրաժարականի, մահվան, լիազորությունների դադարեցման կամ նրան անվստահություն հայտնելու, պաշտոնանկ անելու դեպքում խորհրդարանը լուծարվում է, եւ նախագահի ու ԱԺ արտահերթ ընտրություններ են անցկացվում։

Այս օրենսդրական փոփոխությամբ հնարավոր կլինի խուսափել ԱԺ լուծարումից, եւ օրենսդիր մարմինը կկարողանա նախագահ ընտրել։ Արցախի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունված նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների ներկայացման ժամկետ է սահմանել մինչեւ մարտի 21-ը, որից հետո արդեն խորհրդարանը սահմանադրական փոփոխության նախագիծը կքվեարկի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ»։

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին