Կարևոր իրադարձություններ

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքով ձերբակալվել է 2 անձ

16 Մարտ, 2023 11:10
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքով ձերբակալվել է 2 անձ

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ երկու օտարերկրացի զբաղված են թմրամիջոցների անօրինական շրջանառությամբ: Մարտի 10-ի ուշ երեկոյան մայրաքաղաքի Մանանդյան փողոցում նրանք հայտնաբերվեցին, ձերբակալվեցին և, մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխվեցին:
25 և 24 տարեկան երիտասարդները հայտնեցին, որ հինգ փաթեթ մարիխուանա արդեն տեղադրել են Չարենցի փողոցում: Նրանք ներկայացվեցին տարածքային քննչական բաժին: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նրանք թմրամիջոցը ձեռք էին բերել տելեգրամյան ալիքներից մեկի միջոցով` մայրաքաղաքի տարբեր տարածքներում տեղադրելով իրացնելու նպատակով:
Չարենցի փողոցում իրավապահները հայտնաբերեցին նրանց տեղադրած պոլիէթիլենային տոպրակը` թմրամիջոցով: Դատարանի որոշմամբ խուզարկվեց նաև մեքենան: Հայտնաբերվեց 13 փաթեթ` ընդհանուր 20 գրամից ավելի քաշով:
Օտարերկրացիներից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք խափանման միջոցը: Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին