Կարևոր իրադարձություններ

Հաճախ էր ասում՝ 18-19 տարեկան երեխեքը կյանքի կռիվ են տալիս, մենք փողոցով հանգիստ քայլե՞նք. «Փաստ»

14 Մարտ, 2023 09:15
Հաճախ էր ասում՝ 18-19 տարեկան երեխեքը կյանքի կռիվ են տալիս, մենք փողոցով հանգիստ քայլե՞նք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հովսեփը չարաճճի էր, բայց շատ չէ»,ժպիտով է սկսվում տիկին Անահիտի ու իմ զրույցը: Նաև այն պատճառով, որ ես ու Հովսեփը նույն ազգանունն ունենք, կարծես վստահությունն է ավելանում:

«Մանկապարտեզից հետո հինգ ու կես տարեկան էր, երբ դպրոց գնաց: Ի տարբերություն քույրիկի, սովորելու հետ սեր չուներ: Այդ առումով իրար բացարձակ նման չէին: Բայց Պատմություն և Հայ գրականություն առարկաները սովորում էր: Վերջինի դեպքում նաև ուսուցչուհուն էր շատ սիրում, առարկան էլ լավ սովորում: Գուցե ոմանք դա պաշտամունք համարեն, բայց անսահման համակրանք ուներ Գարեգին Նժդեհի հանդեպ: Իր բնույթով տղաս աթեիստ էր, որևէ բանի չէր հավատում, բայց հավատում էր Նժդեհի գաղափարներին և դրանցով էր առաջնորդվում: Շատ էր ուսումնասիրում Գերմանիան, Հիտլերի կենսագրությունը, անցած ճանապարհը: Գերմանիայի հետ կապված ցանկացած հարցի կարող էր պատասխանել, երբեմն տպավորություն կստեղծվեր, որ երկար տարիներ այնտեղ է ապրել»:

Ութերորդ դասարանն ավարտելուց հետո Հովսեփը սովորել է «Պահապան արծիվներ» ակադեմիայում՝ որպես թիկնապահ: Մայրիկի խոսքով, պատահական չէր, որ նման մասնագիտություն ընտրեց, իր բնույթով անսահման ակտիվ էր: Բայց մասնագիտությամբ աշխատել չհաջողվեց, այնպես էր ստացվել, որ Հովսեփը պարտադիր զինվորական ծառայություն չէր անցել, իսկ այդ փաստը կարևորների ցանկում է, եթե ուզում ես թիկնապահ լինել: Որպես մոնտաժող երկու տարուց ավելի աշխատել է «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունում:

«Ֆիլմեր էին նկարահանում, նաև վավերագրական, իր ընկերների հետ տարված էր նկարահանումներով: Հիմա էլ շատ տեսանյութեր ունեմ իրենից, որպես արխիվ պահպանում եմ: Նաև բարմենությամբ էր հետաքրքրվում, աշխատել է ռեստորաններից մեկում որպես բարմեն: Ապագայի պլաններից մեկը նաև սեփական բար ունենալն էր»: Զրույցների ժամանակ Հովսեփը հաճախ էր ասում՝ եթե կռիվ լինի, գնալու եմ: Տիկին Անահիտը հիշում է՝ միշտ հակադարձում էի, թե քեզ պատերազմ չեն տանի, քանի որ բանակում չես ծառայել: Բայց Հովսեփը կամավորության սկզբունքով հայտնվեց ռազմի դաշտում. «Սեպտեմբերի 27-ին սկսվեց պատերազմը, տղաս ընկերոջը հենց առաջին օրն էր ասել, թե գնում է պատերազմ: Գնացել էր զինկոմիսարիատներ, իրեն մերժել էին: Բայց ելքեր էր փնտրում Արցախ մեկնելու, ինչ-որ բանով օգտակար լինելու համար: Գնացել էր Երկրապահների միություն, այնտեղ էլ էին մերժել: Հետո գնում է զինվարժությունների, դիմում գրում (այդ դիմումը հիմա մեր տանը պահում ենք), որ «իր հոժար կամքով» ուզում է գնալ ու մասնակցել ռազմական գործողություններին: Դրանից հետո էլ արդեն միանում է Երկրապահ կամավորների ջոկատին ու մեկնում Արցախ»:

Հրամանատարն է մայրիկին պատմել՝ Հովսեփը խոստացել էր իրենց կողքից չհեռանալ, ուշադիր լինել, ենթարկվել հրամաններին: Հովսեփի հետ մարտադաշտ նաև ընկերը՝ Գևորգն է մեկնում. «Հիմա նա երբեմն ասում է՝ չցանկացա, որ մենակ գնա: Տղաս պատերազմի օրերին հաճախ էր ասում՝ 18-19 տարեկան երեխեքը կյանքի ու մահու կռիվ են տալիս, մենք փողոցով հանգիստ քայլե՞նք, գնանք, գոնե մի օգուտ կտանք»: Հոկտեմբերի 21-ին Հովսեփը մեկնում է ռազմադաշտ: Մեկնելու ընթացքը երկարում է, սակայն նա հասնում է իր նպատակին. «Գևորգն է պատմում՝ մեկնող ավտոբուսի մեջ տղաներն ասում էին, որ գնում ենք մսաղաց: Գիտակցելով, թե ուր են գնում, ամեն դեպքում իրենց մտքից հետ չեն կանգնել: Իհարկե, բոլորս էինք հասկանում, թե ինչ է կատարվում ռազմի դաշտում, արդեն Եռաբլուր էինք գնում, բազմաթիվ երեխեք էին զոհվել այդ ընթացքում, բոլորս գիտակցում էինք, թե ինչ պատերազմ է»: Հովսեփն ընկերների հետ Հադրութում է եղել:

«Զոհվել է հոկտեմբերի 26-ին՝ արկի պայթյունից: Այդ օրն այնտեղ բավականին թեժ կռիվներ են եղել: Երբ արկը պայթել է, ընկերը՝ Գևորգն է օգնության վազել, հետո ուսանող-բժիշկ է եղել, նա էլ է օգնության գնացել: Նրան էլ է արկի բեկոր դիպել: Մի տղա էլ կա՝ Գարիկը, այդ մի քանի օրերի ընթացքում այնքան են մտերմացել, Հովսեփի կողքից այն կողմ չի գնացել, նա էլ է զոհվել: Բոլորն են պատմում, որ մարտերի ժամանակ տղաները խրամատներում են եղել, իսկ Հովսեփն ու Գարիկը՝ բլուրի վրա կանգնած, ասել է՝ չեմ կարող փոսի մեջից կռվել»,պատմում է տիկին Անահիտը:

Պատերազմի դաշտից Հովսեփն ամեն օր զանգում էր մայրիկին, որդուց երեք օր զանգ չստանալուց հետո տիկին Անահիտն է սկսում զանգահարել բոլոր այն համարներին, որոնցից Հովսեփը զանգել էր իրեն: Առաջին զանգին պատասխանողն ասում է, որ նրան մի քանի օր առաջ է տեսել, իսկ հիմա էլ ինքը վիրավոր է, Ստեփանակերտի հիվանդանոցում է: Հոկտեմբերի 29-ին հեռախոսազանգի միջոցով մայրիկը ստանում է որդու մահվան բոթը. «Չեմ էլ կարող նկարագրել, թե ինչ կատարվեց ինձ հետ դրանից հետո: Իհարկե, չէի հավատում այդ լուրին, մինչև հիմա չեմ հավատում, կարծես իր վերադարձին սպասեմ: Օրերով զանգում էի բոլորին, բայց որևէ մեկի հետ խոսել չկարողացա»:

Հոդվածն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին