Կարևոր իրադարձություններ

«Հաց բերող»-ի գործով մեղադրվող Արմեն Չարչյանի և 4 փորձագետների վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

10 Մարտ, 2023 15:20
«Հաց բերող»-ի գործով մեղադրվող Արմեն Չարչյանի և 4 փորձագետների վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

Նախօրեին ՔԿ֊ն դատախազին էր ուղարկել «Հաց բերողի»`Արթուր Սարգսյանի առողջական վիճակի մասին կեղծ եզրակացություն տալու համար մեղադրվող Արմեն Չարչյանի և մյուս 4 փորձագետների վերաբերյալ մեղադրական եզրակացությունը։ Ինչպես տեղեկացանք դատախազությունից, դատախազն այսօր հաստատել է այն:

«2023 թվականի մարտի 10-ին դատախազը հաստատել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի և մյուսների` փորձագետներ Հայկազն Չախոյանի, Կարեն Մխիթարյանի, Արմինե Հարոյանի, Վարդան Խաչիյանի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և քրեական վարույթի նյութերի հետ ուղարկել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան»,-այս մասին Shabat.am-ին փոխանցեցին դատախազությունից:

Հիշեցնենք, որ «Հաց բերողն» ուներ Բեխտերևի հիվանդություն, որը, ըստ ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշման, խոչընդոտում է պատիժը կալանավայրում կրելուն: Նրա վիճակը վատացել էր կալանավայրում, և բժիշկներին չէր հաջողվել փրկել կյանքը:

Քրեական վարույթի շրջանակներում 2016թ.-ի դեկտեմբերի 26-ին նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետներին: 

Նույն թվականի դեկտեմբերի 30-ին ՀՀ ՀՔԾ-ում ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից ստացվել է բժշկական կոնսիլիումի եզրակացությունը, համաձայն որի՝ Արթուր Սարգսյանի մոտ ախտորոշվել է «Անկիլացնող սպոնդիլոարթրիտ (Բեխտերևի) հիվանդություն, խրոնիկ պրոգրեսիվ ընթացքով, հենաշարժական համակարգի ֆունկցիայի զգալի խանգարումով»: 

Հավելենք նաև, որ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանը «Իզմիրլյան» կենտրոնի նախկին տնօրենն էր:

 

Լրահոս

Դիտել ավելին