Կարևոր իրադարձություններ

Հայ-վրացական ընդհանուր պատմությունը մեր արժեքն է. Ժաննա Անդրեասյան (լուսանկարներ)

10 Մարտ, 2023 14:36
Հայ-վրացական ընդհանուր պատմությունը մեր արժեքն է. Ժաննա Անդրեասյան (լուսանկարներ)

Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ջաբա Սամուշիայի հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը:

Ողջունելով նախարարի գլխավորած պատվիրակությանը՝ ռեկտորը պատրաստակամություն է հայտնել լավագույնս համագործակցելու կրթության և գիտության ոլորտներում: Ջաբա Սամուշիան առանձնահատուկ կարևորել է միջբուհական համագործակցությունը՝ ընդգծելով, որ նախարարի առաջին այցը Թբիլիսիի պետական համալսարան խորհրդանշական է: Նրա խոսքով՝ հայ-վրացական հարաբերություններում գիտական կապերն ունեն մեծ նշանակություն։

Ռեկտորն անդրադարձել է համալսարանում 1922 թ. հիմնադրված հայագիտական ամբիոնի գործունեությանը և զարգացման հեռանկարներին: Նա նշել է, որ հայագիտության ամբիոնում կրթությունը կազմակերպվում է բոլոր մակարդակներում՝ բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա: Ջաբա Սամուշիան տեղեկացրել է, որ բակալավրիատում ավելացրել են ևս 60 կրեդիտ, որի շրջանակում կպատրաստվեն նաև համապատասխան ուսուցիչներ: Ռեկտորը վստահություն է հայտնել, որ միջբուհական համագործակցությամբ կիրականացվեն մի շարք նախաձեռնություններ՝ ուսանողների, դասախոսների և հետազոտողների փոխանակման ծրագրեր:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ կարևորելով հայ-վրացական բարեկամական կապերը:

«Հայ-վրացական ընդհանուր պատմությունը մեր արժեքն է»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ խորհրդանշական է հայագիտությանն ու վրացագիտությանն ուղղված համագործակցությունը:

Ժաննա Անդրեասյանն առանձնահատուկ կարևորել է Թբիլիսիի պետական համալսարանի հայագիտական ամբիոնում մանկավարժական կադրերի պատրաստումը:

Նրա խոսքով՝ ՀՀ Կառավարության ծրագրում առանձնահատուկ տեղ է գտել դպրոցներում տարածաշրջանային լեզուների զարգացումը, և այդ նպատակով սեպտեմբերից ՀՀ երեք դպրոցում դասավանդվում է վրացերեն: Նախարարը վստահություն է հայտնել, որ ԵՊՀ-ն մեծ պատրաստակամությամբ կհամագործակցի Թբիլիսիի պետական համալսարանի հետ, որի շրջանակում կիրականացվեն համատեղ կրթական ծրագրեր: Ժաննա Անդրեասյանը վստահեցրել է, որ նախարարությունը կնպաստի այդ համագործակցության զարգացմանը:

Նախարարը հայտնել է, որ ներկայում օտարերկրյա պետություններում գործող բուհերում և կրթագիտական կենտրոններում իրականացվում է հայագիտական կենտրոնների և ամբիոնների ստեղծման ծրագիր: ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացվում է 13 հայագիտական կենտրոնների գործունեության զարգացման ծրագիր:

Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ուրախ կլինի տեսնել Թբիլիսիի պետական համալսարանը և դրա հայագիտական ամբիոնը 2023 թվականի հունիսին կայանալիք հայագիտական խորհրդաժողովի աշխատանքներին:

ԵՊՀ ռեկտորը նույնպես կարևորել է համագործակցությունը Թբիլիսիի պետական համալսարանի հետ և վստահություն հայտնել, որ համատեղ ջանքերով լավագույնս կնպաստեն հայագիտության զարգացմանը Թբիլիսիի պետական համալսարանում և վրացագիտության զարգացմանը՝ ԵՊՀ-ում: Նրա խոսքով՝ համագործակցության շրջանակում կիրականացվեն համատեղ հետազոտական ծրագրեր, ուսանողների, դասախոսների և գիտնականների փոխանակման ծրագրեր:

Հանդիպման ավարտին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը և Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտոր Ջաբա Սամուշիան ստորագրել են համագործակցության հուշագիր:

 

Լրահոս

Դիտել ավելին