ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը արել է նման հայտարարություն:
Լրագրողը հիշատակել է ԱՄՆ հետախուզության զեկույցը, համաձայն որի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում լարվածություն է կանխատեսվում խաղաղության պայմանագրի բացակայության պայմաններում: Փրայսին հարց է ուղղվել, թե որքանո՞վ է այդ զեկույցը հրատապություն հաղորդում տարածաշրջանում խաղաղություն բերելու Վաշինգտոնի ջանքերին:
«Այս հարցի հետ կապված միշտ էլ եղել է հրատապություն… Հրատապություն եղել է, քանի որ սա փխրուն իրավիճակ է: Սա մի իրավիճակ է, որը մեծ հակում ունի՝ վերածվելու բռնության, ինչպես մենք տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում: Եվ դա երկարատև հակամարտություն է, որի լուծմանն աջակցելու համար Միացյալ Նահանգները ցանկանում է անել ամեն ինչ», - նշել է Փրայսը: