Կարևոր իրադարձություններ

Այսուհետ միակ ճանապարհը սեփական ընտանիքում, սեփական հողի վրա պայքարելն է. Արցախի պետնախարար (տեսանյութ)

07 Մարտ, 2023 12:11
 Այսուհետ միակ ճանապարհը սեփական ընտանիքում, սեփական հողի վրա պայքարելն է. Արցախի պետնախարար (տեսանյութ)

Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերության եթերում հեռավար հարցազրույց է տվել Պետրոս Ղազարյանին:

Անդրադառնալով մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն գործողությանը, որի հետևանքով սպանվել է ՆԳՆ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության երեք ծառայող և վիրավորվել մեկը, պետնախարարն այն ահաբեկչական է որակել:

Նա ընդգծել է, որ այսպիսով Ադրբեջանը բացահայտ ցուցադրել է, որ Արցախը արտաքին աշխարհի հետ կապվելու որևէ տարբերակ ունենալ չի կարող, իսկ Հայաստանից Արցախ զենք տեղափոխելու պատրվակը այդ պետությունը օգտագործում է իր հանցավոր արարքը քողարկելու համար: Գուրգեն Ներսիսյանը նշել է, որ Արցախի Հանրապետությունն ունի բավարար ապացույցներ և դրանք կներկայացնի միջազգային կառույցներին՝ ապացուցելու ադրբեջանական այս հանցագործությունը:

Պետնախարարը հարցազրույցում նշել է նաև, որ ադրբեջանական կողմի զոհերն ու վիրավորները դեպքի վայրից դուրս են բերվել ռուս խաղաղապահների միջնորդությամբ:

Գուրգեն Ներսիսյանը նաև միջազգային հանրության պահվածքից է խոսել՝ դա որակելով անընդունելի և արցախցիների դիմադրողականության ստուգում:

«Դիմադրողականություն ստուգելու տեղ այլևս չկա, ոչ զիջելու և ոչ էլ չպայքարելու հնարավորություն կա: Այսուհետ միակ ճանապարհը սեփական ընտանիքում, սեփական հողի վրա պայքարելն է մինչև վերջ: Դա պետք է գիտակցեն թե՛ Ադրբեջանը, և թե՛ արդբեջանա-ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմամբ զբաղվող միջազգային դերակատարները»,- ասել է Գուրգեն Ներսիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին