Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍ փոխնախարարը կոչ է արել երիտասարդներին ակտիվ մասնակցություն ունենալ հանրային կյանքի բարեփոխումներում

06 Մարտ, 2023 17:02
ԿԳՄՍ փոխնախարարը կոչ է արել երիտասարդներին ակտիվ մասնակցություն ունենալ հանրային կյանքի բարեփոխումներում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը մասնակցել է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում» ծրագրի նոր փուլի մեկնարկին:

Ծրագրի բացման արարողությունը տեղի է ունեցել Հայաստանում ֆրանսիական համալսարանում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերությանը՝ Հայաստանում ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացմամբ երիտասարդների ներուժի բացահայտմանը միտված նախաձեռնության համար:  

ԿԳՄՍ փոխնախարարն ընդգծել է, որ  ՀՀ կառավարության 2021-2026 թթ ծրագրում  առանձին բաժնով ներկայացված են երիտասարդական քաղաքականության կարևոր ուղղությունները:

«Պետության առաջնահերթություններից է ստեղծել առավելագույն հնարավորություններ երիտասարդների ներուժի բացահայտման և կարողությունների զարգացման համար:

Այս նպատակով դրամաշնորհային հատկացումների միջոցով իրականացվում են տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ մեդիագրագիտության, ֆինանսական գրագիտության, ձեռներեցության, փափուկ հմտությունների զարգացման դասընթացներ: Առանձնակի շեշտադրված են մարզաբնակ երիտասարդների ներգրավման, հմտությունների ձեռքբերման հանգամանքները, ինչի նպատակով մարզերում երիտասարդական կենտրոններ են բացվում: Առաջիկա ամիսներին 2 կենտրոն կբացվի՝ մեկը Տավուշում` Իջևանում, մյուսը՝ Սյունիքում` Մեղրիում: Մինչև 2026 թվականը նախատեսվում է ՀՀ ամբողջ տարածքում բացել 25 երիտասարդական կենտրոն»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը:

Ըստ նախարարի տեղակալի՝ կրթությունը դինամիկ գործընթաց է և ֆորմալ կրթությունը միշտ չէ, որ հասցնում է կյանքի պահանջներին համապատասխան ընթանալ: Նրա խոսքով՝ տարբեր հմտությունների զարգացումը լրջագույն խնդիր է, որը ֆորմալ կրթության միջոցով հասանելի կլինի հանրակրթական նոր չափորոշիչների կիրառմամբ:

«Ոչ ֆորմալ կրթական ծրագրերը նպաստում են հմտությունների և գիտելիքների բարելավմանը՝ ապահովելով կրթական ծրագրերում շարունակականության բաղադրիչը: Երիտասարդական քաղաքականության իրականացման գործընթացում պետությունը միակ դերակատարը չէ. քաղաքացիական հասարակությունը, հասարակական կազմակերպությունները, միջազգային գործընկերները ևս այն կարևոր օղակներն են, որոնք լրացնում են ոչ ֆորմալ կրթության պահանջը»,- նշել է նա:

Ամփոփելով ելույթը՝ Արթուր Մարտիրոսյանը կոչ է արել երիտասարդներին ակտիվ մասնակցություն ունենալ հանրային կյանքի բարեփոխումների գործընթացում՝ մարդկային կապիտալի զարգացումը ծառայեցնելով պետության առաջընթացին:

ՀՖՀՀ ուսումնագիտական գծով պրոռեկտոր Զարուհի Սողոմոնյանը ևս ողջունել է ներկաներին՝ նշելով, որ երիտասարդների կարողությունների զարգացման  նախաձեռնությունները միշտ կարևորվում են ՀՖՀՀ-ի կողմից, քանի որ դրանք ևս մեկ հնարավորություն են ընձեռում երիտասարդներին՝ ձեռք բերելու աշխատաշուկային անհրաժեշտ փափուկ հմտությունները:

Միջոցառման ընթացքում «Երիտասարդների զարգացում» ծրագրի մանրամասները և 2023 թվականին սպասվող անելիքները ներկայացրել է «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության Հասարակական գործերի և կայունության կենտրոնի տնօրեն Էլինա Մարգարյանը:

««Երիտասարդների զարգացում» ծրագիրը «Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիա» ընկերության առանցքային ուղղություններից մեկն է: Լինելով հասարակության պատասխանատու անդամ՝ մենք նպաստում ենք երիտասարդների հմտությունների և ինքնակրթության զարգացմանը, նրանց համար ստեղծվող հնարավորությունների ընդլայնմանը, որն էլ, իր հերթին, միտված է Հայաստանում գործազրկության նվազեցմանը։ 2022 թվականին «Երիտասարդների զարգացում» ծրագրի դասընթացաշարերին մասնակցել և հավաստագիր է ստացել Հայաստանի բոլոր մարզերում բնակվող շուրջ 11.000 երիտասարդ»-, նշել է Էլինա Մարգարյանը։

«Երիտասարդների զարգացում» ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում:Այն միտված է16-30 տարեկան երիտասարդների ոչ ֆորմալ կրթության հնարավորությունների ընդլայնմանն ու մասնագիտական հմտությունների զարգացմանը,ինչպես նաևզբաղվածության խթանմանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին