Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանի գործելակերպն անփոփոխ է՝ մոլորեցնել միջազգային հանրությանը. Արցախի ԱԺ նախագահ

06 Մարտ, 2023 12:11
Ադրբեջանի գործելակերպն անփոփոխ է՝ մոլորեցնել միջազգային հանրությանը. Արցախի ԱԺ նախագահ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն անդրադարձել է 2023 թվականի մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն գործողությանը, որի հետևանքով զոհվել է Արցախի ՆԳՆ 3 ոստիկան:

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից մարտի 5-ին իրականացված հերթական ահաբեկչության հետևանքով Արցախի Հանրապետության Ներքին գործերի նախարարության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի 3 ծառայող զոհվել և 1 ծառայող ծանր վիրավորում է ստացել:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի կողմից հայտնում եմ մեր խորին ցավակցությունը զոհվածների հարազատներին և մեր ամբողջ ժողովրդին:

Ադրբեջանի գործելակերպն անփոփոխ է. ահաբեկչական մեխանիզմների գործադրմամբ և, դրան զուգահեռ, պաշտոնական ապատեղեկատվություն տարածելու ճանապարհով մոլորեցնել միջազգային հանրությանը: Նրանց նպատակն է Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ իրականացվող ռասայական խտրականության համատեքստում էթնիկ զտումների իրականացումը, սեփական հայրենիքից մեր ժողովրդի հարկադիր տեղահանությունը:

Կատարվածն Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության շրջափակմանը զուգահեռ էսկալացիա սադրելու ադրբեջանական հետևողական քաղաքականության հերթական դրսևորումն է»,- նշված է հայտարարության մեջ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին