Կարևոր իրադարձություններ

Մեր երկրում վաղուց կարմրուկ չէր արձանագրվել. սա պետք է բոլորիս համար ահազանգ լինի Արսեն Թորոսյան

04 Մարտ, 2023 10:50
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Մեր երկրում վաղուց կարմրուկ չէր արձանագրվել. սա պետք է բոլորիս համար ահազանգ լինի Արսեն Թորոսյան
Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆեսյբուքյան իր էջում գրել է. 
 
«Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է լաբորատոր հաստատված կարմրուկի 11 դեպք: Մեր երկրում վաղուց կարմրուկ չէր արձանագրվել, մի քանի տարի առաջ եղել էին այլ երկրներից բերված հատուկենտ դեպքեր, որոնք կատարված համալիր հակահամաճարակային միջոցառումների շնորհիվ տարածում չէին ստացել այստեղ։ Սա պետք է բոլորիս համար ահազանգ լինի կարմրուկի դեմ պայքարի ուժգնացման։
 
Կարմրուկը սուր վարակիչ, վիրուսային, խիստ բարձր վարակելիությամբ հիվանդություն է, որը բնորոշվում է ցանային երևույթներով, չոր հազով, ջերմությամբ և այլն: Վարակը փոխանցվում է օդային ճանապարհով։ Ամենավտանգավոր թիրախը կարմրուկի համար հանդիսանում են երեխաները, որոնց մոտ կարող է զարգանալ էնցեֆալիտ (գլխուղեղի բորբոքում և այտուց), ինչը կարող է բերել ընդհուպ մինչև մահվան։
 
Կարմրուկի կանխարգելման ըստ էության միակ միջոցը պատվաստումն է։ Բոլոր նրանց, ովքեր չունեն կարմրուկի դեմ առնվազն երկու դեղաչափ պատվաստում, անհրաժեշտ է դիմել տեղամասային պոլիկլինիկա և պատվաստվել»:
 

 

Լրահոս

Դիտել ավելին