Կարևոր իրադարձություններ

Հայաստանի ֆրանսիական համալսարանում կանցկացվի «Կանանց դերը դիվանագիտության մեջ» թեմայով բանախոսությունների շարք

03 Մարտ, 2023 22:15
Հայաստանի ֆրանսիական համալսարանում կանցկացվի «Կանանց դերը դիվանագիտության մեջ» թեմայով բանախոսությունների շարք

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ֆրանսախոս միջազգային կազմակերպությունների յոթ անդամ երկրների դեսպաններին և ֆրանկոֆոն միջազգային կազմակերպությունների ու դիտորդ պետությունների անդամներին՝ Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Ռոզենկրացի նախագահությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Հանդիպմանը քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և երկամսյակի շրջանակում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները:

Ողջունելով դեսպաններին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է. «Կարևորում ենք ֆրանկոֆոն երկրների հետ համագործակցության փորձը, որ կուտակել ենք Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահության տարիներին: Այդ ընթացքում ստեղծվել են ամուր հիմքեր՝ մեր հետագա աշխատանքն ավելի համակարգված և արդյունավետ իրականացնելու համար: Վստահաբար պետք է փաստել, որ ֆրանսերենը և ֆրանկոֆոն արժեքները մեկ անբաժանելի ամբողջություն են»:

Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում Ֆրանսիայի ազգային տոնի և Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ նախատեսվում են ֆրանսերենով մի շարք միջոցառումներ, ինչը, ըստ Ժաննա Անդրեասյանի, նպաստում է ֆրանկոֆոն մշակույթի  ևարժեքների   տարածմանն ու  լեզվի  զարգացմանը, ինչպես նաև հնարավորություն  է ընձեռում սովորողներին համագործակցել այդ շրջանակում և   դրսևորել   իրենց  լեզվական կարողությունները և հմտությունները:

Ժաննա Անդրեասյանն առանձնացրել է 2 հիմնական միջոցառում. Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա բացման միջոցառումը նախատեսվում է մարտի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Կներկայացվի հատուկ համերգային ծրագիր. ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ հրավիրված մենակատարի հետ:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ 2-րդ առանձնահատուկ միջոցառումը պլանավորվում է Գյումրիում՝ Գյումրու թիվ 1 դպրոցի նախաձեռնությամբ: Կատարումներով հանդես կգան «Հայորդաց տան» երգչախմբի սաները, Գյումրու սիմֆոնիկ նվագախումբը. կհնչի ֆրանսիական երաժշտություն: Նախատեսվում են նաև թեմատիկ խճանկար և ֆրանսիական ազգային խոհանոցի հյուրասիրություն: Նախարարի դիտարկմամբ՝ հենց այդ դպրոցն էլ կարող է դառնալ Գյումրիում նախատեսվող ֆրանկոֆոն դպրոցը:

Շվեյցարիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ բարձր գնահատանքի են արժանի այն տարիները, երբ 2018-2022 թթ.՝ մարտահրավերներով լի մի ժամանակաշրջանում, Հայաստանը ստանձնել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախագահությունը:

Դեսպանները ներկայացրել են երկամսյակի շրջանակում նախատեսվող միջոցառումները, որոնք իրականացվելու են տարբեր ձևաչափերով և տարբեր հաստատություններում: Այսպիսով՝ Հայաստանում ֆրանսիական համալսարանում կանցկացվի «Կանանց դերը դիվանագիտության մեջ» թեմայով բանախոսությունների շարք, որտեղ ելույթներով հանդես կգան ֆրանկոֆոն դեսպանները: Կկազմակերպվի ֆրանկոֆոն կինոյի փառատոն, որտեղ կներկայացվեն ֆրանսիական, բելգիական, կանադական, սերբական ֆիլմեր՝ ենթագրերով: Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ կիրականացվի համերգային ծրագիր: Նախատեսվում է նաև ԿԳՄՍՆ-ի հետ համագործակցությամբ հանրակրթական դպրոցներում անցկացնել «Ասա՛ ինձ 10 բառ բոլոր ժամանակաձևերով» մրցույթ:

Հաջորդիվ աշխատանքային քննարկումների ձևաչափով կքննարկվեն միջոցառումների իրականացման քայլերը:

 

Լրահոս

Դիտել ավելին